«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2021թ. փետրվարի վերջին:
Արցախցի զոհված զինծառայողների հիշատակին նվիրված տեղեկամատյան կպատրաստվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը նշեց, որ, այս դժվարագույն ժամանակահատվածում ստեղծվելով, սկզբից իրենց առջև խնդիր դրեցին ճշգրտել պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների ցուցակները։
Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում ներկա դրությամբ տեղադրված է Արցախյան երրորդ պատերազմում զոհված հերոսամարտիկների լուսանկարների 8 հուշատախտակ՝ ընդհանուր 1080 նկարով: «Նախատեսում ենք նաև վերջին հուշատախտակը տեղադրել, այժմ 180 նկարի խմբագրման և տպագրման աշխատանքները ընթացքի մեջ են», -նշեց Ա. Ասրյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ անհայտ կորած զինծառայողների ճակատագրերը պարզելու նպատակով մշտապես աշխատանք են տանում՝ համագործակցելով ԿԽՄԿ֊ի և Արցախի գերատեսչությունների հետ: Արմեն Ասրյանը հավելեց, որ նախաձեռնում են 2020թ. աշնանային պատերազմում զոհված արցախցի զինծառայողների հիշատակին նվիրված տեղեկամատյան պատրաստել։ «Մոտ օրերս կսկսենք Արցախի պաշտպանության և գոյության համար մարտնչած մեր քաջ տղաների մասին անհրաժեշտ տվյալների հավաքագրումը։ Ինչպես նաև մտադիր ենք կազմակերպել զոհվածների անչափահաս երեխաների համար արտադասարանական պարապմունքներ. նպատակ ունենք այս ծրագիրը իրականացնել եկող տարի», - ասաց Ա. Ասրյանը: