Հայաստանի Ազգային և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանը ծնվել է ԱՄՆ-ում, 1957 թվականի նոյեմբերի 25-ին, եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։
Այսօր Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարել է հայերի իրավունքների, Հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար։ Հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետում էր 8 լեզուների: 1980թ. Մոնթեն անդամագրվել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ): Այդ և հաջորդ տարիներին իր ռազմական ունակությունները կատարելագործել է ՀԱՀԳԲ-ի ռազմական կայանում՝ ձեռք բերելով լրացուցիչ գիտելիքներ ու փորձ: Մինչև 1991թ. սեպտեմբերը զուգահեռ կատարել է գիտական ու զինվորական աշխատանքներ: Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագետ մասնագետների հետ գրեթե 8 ամիս զբաղվել է «Հայաստանը և իր հարևանները» ծավալուն գրքի ստեղծմամբ, սակայն աշխատանքները մնացել են անավարտ` Շահումյանում և Արցախում լարված իրավիճակի և զինված ընդհարումների պատճառով: 1991թ. սեպտեմբերի 12-ին ֆրանսաբնակ հայուհու հետ՝ իբրև թարգմանիչ, «Ավո» կեղծանվամբ, մեկնել է Արցախի հյուսիսային դարպաս` Շահումյանի շրջան:
Մելքոնյանը մասնակցել է ՀՀ Իջևանի, Ճամբարակի, ԱՀ Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունու շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Ղեկավարել է Մարտունու, Քարվաճառի, Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993թ. հունիսի 12-ին, Աղդամի շրջանի Մարզիլու գյուղի շրջակայքում: Պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի (հետմահու, 23.11.1993), ՀՀ «Բարձրագույն Հայրենիք», «Ոսկե Արծիվ» շքանշաններով: ԱՀ Մարտունի քաղաքում տեղադրված է Մոնթեի հուշարձանը: