ԱՀ Շուշիի շրջանի Եղցահող համայնքը 145 բնակիչ ունի:
Եղցահողում տեղահանված ընտանքիների համար տներ են վերանորոգում. կառուցվում է նոր ջրագիծ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանը:
«Տեղահանված 4 ընտանիք է հաստատվել գյուղում, երկուսը՝ Արևշատից, մեկը՝ Քիրսավանից, մեկն էլ՝ Քաշաթաղից: Այս պահի դրությամբ ազատ բնակֆոնդից մի քանի տներ են վերանորոգվում՝ տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրելու նպատակով: Դպրոցում սովորում է 18 աշակերտ, 11-ը մասնակցում էր «Երկարօրյա դպրոց» ծրագրին, որը, կորոնավիրուսով պայմանավորված, ժամանակավորապես դադարեցվել է։ Համայնքապետարանի շենքը գտնվում է վթարային վիճակում. կապիտալ վերանորոգման կարիք ունի: Ունենք գործող բուժկետ, որի շենքը ևս վերանորոգման կարիք ունի: Ներհամայնքային ճանապարհները գտնվում են բարվոք վիճակում: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով: Այս պահի դրությամբ այստեղ նոր ջրագիծ է կառուցվում»,- ներկայացրել է համայնքապետը:
Մեր զրուցակիցը նշել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Եղցահողը, բարեբախտաբար, մարդկային կորուստներ չի ունեցել: Խոսելով գյուղացիների զբաղվածության մասին՝ Ա. Հակոբյանը նշել է, որ նրանց զբաղվածության հիմնական ուղղությունը անասնապահությունն է. զարգացող ճյուղեր են նաև հողագործությունն ու մեղվաբուծությունը: