Արցախում արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագրով երկու երեխա է ծնվել: Այս պահի դրությամբ հաշվառված են 180 զույգեր, որոնցից արտամարմնային բեղմնավորման է ուղեգրվել 70-ը, 22-ի մոտ ստացվել է հղիություն, 17 կանայք հղիության տարբեր փուլերում են:
Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով երկու երեխա է ծնվել. թեմային անդրադառնում է մասնագետը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Անահիտ Մաղաքելյանը:
«Արտամարմնային բեղմնավորման ծրագիրը գործում է 2013 թվականից: Սկզբնական շրջանում զույգերը մեզ մոտ գրանցվում էին և ուղեգրվում Երևան, որտեղ հետազոտվում էին սեփական միջոցներով: Տարբեր բարեգործական հիմնադրամներ հովանավորում էին նրանց բուն արտամարմնային բեղմնավորման գործընթացը:
Համագործակցել ենք «Արագիլ» բարեգործական հիմնադրամի հետ, որի աջակցությամբ 24 զույգ ունեցել է 30 երեխա: Արտամարմնային բեղմնավորման ծրագիրը դադարեցվել և չի գործել մոտ 3 տարի` ֆինանասավորման բացակայության պատճառով։ 2020թ.-ին ԱՀ նախագահի նախընտրական ծրագրում մեծ տեղ էր զբաղեցնում անպտղության հարցը։ Եվ երբ ծրագիրը հաստատվեց, մենք սկսեցինք հավաքագրել զույգերի, որոշակի հետազոտություններ կատարեցինք և արդյունքում հասկացանք, որ կան գործիքային կամ վիրահատական հետազոտություններ, որոնց դիմաց զույգերը չեն կարողանում վճարել: 2021թ.-ին ծրագիրը վերանայվեց, և այժմ զույգերի հետազոտությունն ամբողջությամբ իրականացվում է պետական միջոցներով», - նշեց Ա. Մաղաքելյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ 5 մասնագետներից բաղկացած խորհուրդն է որոշում` տվյալ զույգը պե՞տք է գնա արտամարմնային բեղմնավորման, թե՞ կան հղիանալու այլ տարբերակներ:
«Երբ խորհուրդը որոշում է, որ տվյալ զույգը պետք է ուղեգրվի արտամարմնային բեղմնավորման, զույգը կցագրվում է ծրագրին և սկսում հետազոտվել։ Ծրագրում ընդգրկված են նաև 44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների մայրերը, ինչպես նաև այն կանայք, ովքեր ունեն բալիկ, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում երկրորդ երեխան ունենալ : Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ մինչև 52 տարեկան կանայք», - հավելեց Ա. Մաղաքելյանը:
Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգը նշեց նաև, որ ունեին բժշկական սարքավորումների պակաս, բայց պատերազմից հետո կենտրոնը համալրվել է գերձայնային հետազոտության ապարատներով, լապորոսկոպիկ սարքը, սակայն, արդիականացման կարիք ունի։