«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Գյումրիից գործուղված և ԱՀ Մարտակերտի շրջանի Շահմասուր համայնքի հիմնական դպրոցում պատմություն դասավանդող Արարատ Սարգսյանն իր աշակերտների հետ միասին կազմել է մի նախագիծ, որի նպատակն է կառուցել խմելու ջրի պահպանման ջրավազան, վերանորոգել նախկին վթարված ջրավազանը և համագյուղացիների համար կազմակերպել դասընթաց ջրի խնայողության վերաբերյալ:
Շահմասուրի խմելու և ոռոգման ջրային համակարգի վերանորգման ու ջրապահպանման նոր ավազանի կառուցման համար աշխատանքներ են տարվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ա. Սարգսյանը նշեց, որ գաղափարն իր մոտ առաջացել էր Շահմասուրում բնակվելու առաջին օրվանից, երբ ջուր չունենալու պատճառով դժվարությունների հանդիպեց։
«Հետագայում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Փոփոխությունների հիման վրա ուսումնառության ծրագրի ընթացքում աշակերտների հետ քննարկեցինք համայնքի խնդիրները, և իրենք առաջնային համարեցին խմելու ու ոռոգման ջրի հարցը։
Դա բնական էր, քանի որ տաք եղանակներին խմելու ջուր ունենում ենք 15 րոպե, իսկ անձրևային եղանակներին 30 րոպե ժամանակով։ Խնդիրը կայանում է նրանում, որ շահմասուրցիները իրենց հողատարածքները ոռոգում են հենց այդ խմելու ջրով, իսկ ու 15 րոպե ոչ բավարար չափով ջրամատակարարմամբ հողագործությամբ անհնարին է զբաղվել։ Գյուղում գարնանը մշակվող հողեր շատ քիչ կտեսնեք, ինչի արդյունքում Շահմասուրը դատարկվում է», - ասաց Ա. Սարգսյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ աշակերտների հետ միասին քայլերի հաջորդականությամբ մշակել են իրատեսական ու չափելի նախագիծ։ «Համայնքապետի, ջրային ոլորտի մասնագետների հետ ուսումնասիրել ենք համայնքի ջրամատակարարման համակարգը, արձանագրել ենք խնդիրները, նշել ենք լուծումները՝ կազմելով բյուջե, աշխատանքների իրականացման ժամակացույց։
Նկարահանել ենք տեսանյութ, որտեղ երեխաները ներկայացնում են իրենց ծրագիրը։ Այնուհետև տեսանյութը տեղադրել ենք ֆոնդ հայթայթման համար classy.org հարթակում, որտեղ ցանկացողները կարող են նվիրատվություն կատարել։
Բավականին մեծ արձագանք է ստացել, և գումարի մեծ մասը հավաքվել է։ Շահմասուրի խմելու և ոռոգման ջրային համակարգի վերանորգման և նոր ջրապահպանման ավազանի կառուցման արդյունքում, մասնագետների հավաստմամբ, համայնքում կավելանա խմելու ջրի 35 %-ը և կվերանա ջրի պաշարի 10 % կորուստը։
Դա կբերի համայնքի զարգացմանը, կմշակվեն համայնքի հողերը, բնակիչները չեն մտածի գյուղը լքելու մասին։ Կցանկանայի, որ Արցախի իշխանության համապատասխան ներկայացուցիչներն ուշադրություն դարձնեն այս խնդրին և իրենց մասնակցությունն ունենան Շահմասուր համայնքի զարգացման համար շատ կարևոր այս գործին», - հավելեց Ա. Սարգսյանը: