Համավարակային իրավիճակով պայմանավորված` Ստեփանակերտում ստուգումներ են իրականացվել
Արդեն երկրորդ օրն է` ԱՀ նախագահի վերահսկողական ծառայությունը ու ԱՀ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը մայրաքաղաքի տարբեր կետերում շրջայց են կատարում՝ պարզելու համար` արդյո՞ք այդ կետերում, համավարակով պայմանավորված, պահպանվում են հակահամաճարակային բոլոր կանոնները։
Համավարակային իրավիճակով պայմանավորված` Ստեփանակերտում ստուգումներ են իրականացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողական բաժնի պետ Մարատ Օհանյանն ասել է, որ իրականացված շրջայցերից պարզ է դարձել, որ կարանտինային ռեժիմը չի պահպանվում հանրային իշխանության գրեթե բոլոր մարմիններում։
«Աշխատակիցները վտանգավորություն ունեցող նման կարևորագույն խնդրին մոտենում են ոչ պատշաճ լրջությամբ, որը իր անդրադարձն է ունենում նաև հասարակության լայն շրջանակներում։ Նման վերաբերմունքի հետևանքով Արցախի Հանրապետությունում աճում են կորոնավիրուսով վարակվելու տեմպերը. ցավոք սրտի, ունեք նաև մահվան դեպքեր։ Նման իրավիճակից խուսափելու նպատակով կոչ ենք անում հանրային իշխանության բոլոր մարմիներին, մասնավորապես` ղեկավարներին, աչալրջորեն մոտենալ մեր առջև ծառացած այդ մարտահրավերին, խստագույնս պահպանել Կառավարության որոշմամբ և Առողջապահության նախարարի հրամանով ընդունված պահանջները` այդ ձևով նաև օրինակ հանդիսանալով հասարակության այլ շրջանակների համար»,- նշել է Մ. Օհանյանը և տեղեկացրել, որ շրջայցերը ունենալու են պարբերական բնույթ։
Նրա խոսքով` այս փուլում դրանք ծանուցողական են, մյուս փուլերում կարգազանց անձանց նկատմամբ կիրառվելու են համապատասխան պատժամիջոցներ։
«Վերջապես, մենք պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուրիս կողմից կանխարգելիչ միջոցառումների իրականացումը նվազեցնում է Covid-19-ով վարակվելու ռիսկը և, որ ամենակարևորն է , փրկում է կյանքեր»,- հավելել է Մ. Օհանյանը։