Նախօրեին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան կենտրոնում կազմակերպվել է հուշ-երեկո՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի անմահացած Մխիթար Ասրյանի ծննդյան 38-ամյակին։
Ազգասիրության դրսևորումը՝ անմահություն. Ստեփանակերտում հուշ-երեկո է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մխիթար Ասրյանը զոհվել է նոյեմբերի 6-ին՝ Շուշիի պաշտպանության ժամանակ: Միջոցառումը մեկնարկեց անմահացած քաջորդիների սուրբ հիշատակին հարգանքի տուրք մատուցելով։ Այնուհետև հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը։ Հերոսի դուստրը՝ 12-ամյա Մոնիկան, հայրիկի երկնային ծնունդը իր բեմադրած պարով շնորհավորեց։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մ. Ասրյանի կինը՝ Աննան, ասել է, որ Մխիթարը հավասարակշռված, ընկերասեր, հոգատար որդի ու ամուսին էր։
Իսկ մարտական ընկեր Արթուր Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, պատերազմի ողջ թոհուբոհով անցնելով, իր ու Մխիթարի ընկերությունն էլ ավելի ամրացավ, և այն կշարունակվի այնքան, որքան ինքն ապրի:
«Մեր տղաներն անմահացել են՝ նախընտրելով «Մահ իմացյալ» կարգախոսը:Այս չարաբաստիկ պատերազմը բոլորիցս տարել է լավագույններին։ Նրանք իրենց բաժին պատերազմում հաղթանակել են ու միշտ էլ կմնան հաղթանակած»,- ընդգծել է Ա. Հայրապետյանը՝ կոչ անելով բոլորին ամեն օր իրենց գործով հզորացնել Նոյի տապան դարձած Արցախ աշխարհը։
Մխիթարի դպրոցական տարիների և բնավորության հատուկ գծերի մասին խոսել է նրա ուսուցչուհին՝ Կարինե Դադայանը:
«Նա մխիթարություն էր՝ ինչպես ընտանիքում, այնպես էլ՝ շրջապատում ու դպրոցում: Դեմքին միշտ ժպիտ էր փայլում, իսկ հարգալից վերաբերմունքը նրա էության մասն էր: Լայն էր նրա հետաքրքրությունների շրջանակը, բայց, հիշում եմ, թե ինչքան էր հետաքրքրվում ազգի պատմությամբ: Հենց դպրոցական տարիներց էլ նա առանձնացավ ազգասիրությամբ, որի դրսևորումը, ցավոք, նրա անմահությունը դարձավ»,- անկեղծացել է Կ. Դադայանը:
Միջոցառմանը հնչել են հայրենասիրական երգեր։