Ստեփանակերտի 10-րդ հիմնական դպրոցում վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ են ընթանում. անդրադարձ (լուսանկարներ)
Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան համար 10 հիմնական դպրոցի շենքը 44- օրյա պատերազմի ընթացքում վնասներ է կրել։
Ստեփանակերտի 10-րդ հիմնական դպրոցում վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ են ընթանում. անդրադարձ (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մոտ երեք ամիս առաջ մեկնարկել է կրթօջախի վերակառուցման և վերանորոգման գործընթացը:
Շինաշխատանքներն իրականացնում է «Աշոտ Երկաթ» ընկերությունը:
«Այս պահի դրությամբ փոխվում է շենքի տանիքը, որին զուգահեռ` վերանորոգվում են ներքին և արտաքին պատերը. դպրոցի առաջին հարկը նույնպես կվերանորոգվի:
Քանի որ դասասենյակները քիչ են, կառուցվում են նոր դասասենյակներ ևս»,- մեզ հետ զրույցում ասել է ընկերության շինարար Սեյրան Ղալումյանը:
Մեր այն հարցին, թե երբ կավարտվեն շենքի վերակառուցման աշխատանքները, շինարարը հստակ պատասխան տալ չկարողացավ` նշելով` դեռ շատ անելիքներ կան:
Մեր զրուցակցի խոսքով՝ շինաշխատանքներին ընդգրկված են ընկերության մոտ 30 աշխատակիցներ:
Պարզելու համար, թե շենքային պայմաններից ու համավարակից ելնելով ինչպես է դպրոցը կազմակերպում կրթական գործընթացը, զրուցեցինք տնօրեն Անահիտ Հակոբյանի հետ:
«Դպրոցն ունի 1120 աշակերտ, որից 105-ը տեղահանված ընտանիքների երեխաներ են: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկհերթ եղանակով: Քանի որ շենքի 4/5-ը գտնվում է վթարային վիճակում, այդ պատճառով օգտագործվում է միայն 1/5-րդ հատվածը՝ շենքի աջ թևը՝ 19 դասասենյակներով հանդերձ: Ձախ թևում գործում է միայն առաջին հարկը, որը այս տարի հիմնանորոգման է ենթարկվել՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը սկսվելու առնչությամբ: Համավարակի հետ կապված՝ այս պահին դպրոց են հաճախում 1-4-րդ դասարանների՝ 537 և բոլոր չորս 9-րդ դասարանների՝ 105 աշակերտները»,- ներկայացրել է Ա. Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ դպրոցում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված աշակերտներ չկան, ուսուցիչներից և տեխաշխատակիցներից ոմանք էլ արդեն իսկ պատվաստվել կամ թեստավորվել են: