Artsakhpress

Քաղաքական

Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնությունների շարքում են. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին հանդես է եկել ելույթով:

Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնությունների շարքում են. ՀՀ վարչապետ

Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնությունների շարքում են. ՀՀ վարչապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՀ կառավարության ղեկավարն անդրադարձել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին:
Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուրախ եմ ընձեռված հնարավորության համար՝ քննարկելու մեր երկրների համագործակցության օրակարգային հարցերը, ծրագրերը:
Նախ արձանագրեմ, որ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնությունների շարքում է։ Առավել քան համոզված եմ, որ դրա համար գոյություն ունեն բոլոր նախադրյալները:
Կասկածից վեր է, որ դարերի խորքից եկող բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա, ամուր հենք և պարարտ հող է ստեղծում մեր հետագա համագործակցության համար:
Այնուամենայնիվ, պետք է փաստեմ, որ վերջին տարիներին համավարակը բարդագույն մարտահրավերներ է ստեղծել ողջ աշխարհի համար, և հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն այս առումով ևս բացառություն չեն: Համավարակից զատ, Հայաստանի տնտեսության համար հավելյալ բարդություններ են ստեղծվել նաև մեր տարածաշրջանում վերջին զարգացումները և նախորդ տեղի ունեցած պատերազմը։ Այնուամենայնիվ, մեր փոխգործակցությունը կանգ չի առել, և շարունակել ենք աշխատել՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրությամբ ամրագրված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ:
Հարգելի՛ գործընկերներ,
Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը չի արտացոլում երկու երկրների ունեցած ներուժը. ակնհայտ է, որ այս առումով երկկողմ համագործակցությունը դեռևս չի հասել ցանկալի մակարդակի, և անհրաժեշտություն կա այն ընդլայնելու։
Համագործակցության ընդլայնման հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Այս առումով միջկառավարական հանձնաժողովի այս նիստը պետք է դառնա հնարավորությունները քննարկելու հարթակ՝ տնտեսական հարաբերությունների ամենատարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունն առավել ընդլայնելու համար։ Նիստի շրջանակներում հույս ունեմ կնախանշենք նաև մեր նպատակներին հասնելու կոնկրետ քայլեր։
Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն տրանսպորտային ենթակառուցվածքները և լոգիստիկան։
Հայաստանի և Վրաստանի միջև տրանսպորտային ոլորտում երկկողմ համագործակցությունն առաջնահերթություն է մեզ համար։ Մենք համագործակցում ենք տրանսպորտային միջազգային մի շարք կառույցների շրջանակներում, մեծ կարևորություն ենք տալիս Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային երթուղին և տրանսպորտի ոլորտում այլ նախաձեռնությունների կյանքի կոչմանը։ Հարկ եմ համարում նշել, որ Պարսից ծոցը Սև ծովին կապող ուղին, իրավամբ, կարող է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը: Ընդ որում, ես ուզում եմ նշել կարևոր մի հանգամանք, որ վարչապետ Ղարիբաշվիլին ընդգծեց, որ մենք Վրաստանի հետ հարաբերությունները դիտարկում ենք ոչ միայն երկկողմ հարթության, այլև տարածաշրջանային համագործակցության տիրույթում: Սա չափազանց կարևոր է մեր հարաբերությունների համատեքստում: Այո, Հայաստանը և Վրաստանը համագործակցության բավականին լուրջ դաշտ ունեն և կարող ենք մենք փոխադարձաբար մեկս մյուսին աջակցել:
Ընդ որում, Պարսից ծոց- Սև ծով երթուղու մասին խոսելիս ուզում եմ ընդգծել, որ այստեղ կա երկու երկու նախագիծ. ավտոմոբիլային երթուղի և երկաթուղային երթուղի: Ավտոմոբիլային երթուղու զարգացման ուղղությամբ մենք իրականացնում ենք Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, որը հայ-վրացական սահմանը կապում է Հայաստան-Իրան սահմանի հետ: Ճանապարհի առավել արդյունավետ աշխատանքի համար մենք ակտիվ քննարկումների մեջ ենք մեր իրանցի և վրաց գործընկերների հետ ու շատ կարևոր է, որ այստեղ լիարժեք փոխըմբռնման հասնենք: Ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ եթե մեզ հաջողվի Հայաստան-Ադրբեջան ավտոմոբիլային հաղորդակցության վերաբերյալ համաձայնության գալ Արբեջանի հետ, այս նախագիծն էականորեն կփոխվի, դառնալով Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք երթուղի:
Այս իմաստով ուզում եմ տեղեկացնել, որ նեյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով հնարավորոթյուն է առաջացել, որ Ադրբեջանի հետ կարող ենք համաձայնության գալ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ: Իսկ երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ արդեն իսկ սկզբունքային պայմանավորվածություն ենք ձեռք բերել: Խոսքը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման մասին է և հույս ունենք այդ աշխատանքն ավարտել առաջիկա 2-3 տարվա ընթացքում: Իհարկե, պետք է աշխատել, որ մեր պայմանավորվածություններն ինչպես կան` հստակ արձանագրվեն:
Ուզում եմ նաև անկեղծորեն ասել, որ որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, թե այս նախագիծը կարող է շահեկան չլինել Վրաստանի համար, ես նկատի ունեմ երկաթուղային հաղորդակցության բացումը: Պիտի կտրականապես չհամաձայնվեմ այդ դիրքորոշման հետ, որովհետև եթե Ջուլֆայով բացվի Հայաստան-Նախիջևան-Իրանի Իսլամական Հանրապետություն երկաթուղին, կունենանք Պարսից ծոց-Սև ծով ամենաարդյունավետ և օպտիմալ երկաթուղային հաղորդակցությունը, և այդ երկաթուղին կանցնի Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով` դառնալով ոչ միայն տնտեսական զարգացման, այլև տարածաշրջանային անվտանգության կարևորագույն գործոն:
Հարգելի՛ գործընկերներ,
շարունակելով տրանսպորտային հաղորդակցության թեման գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս տարի Հայաստանի և Վրաստանի միջև ուղիղ կանոնավոր չվերթներն ու ուղևորափոխադրումներն աճ են գրանցել, ավելացել են նաև բեռնափոխադրումները։ Այս ուղղություններով կշարունակենք հավելյալ ջանքեր գործադրել հետագա կայուն աճն ապահովելու համար։ Այս համատեքստում ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել երկաթուղային տրանսպորտային համագործակցության ընդլայնման և այս ճանապարհով ևս ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների հետագա ավելացման հնարավորությունը:
Հայաստանը և Վրաստանը համագործակցության մեծ փորձ ունեն էներգետիկ ոլորտում։ Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի նաև դեպի Հայաստան էներգառեսուրսների հուսալի և անվտանգ մատակարարման առումով։
Տեղեկացնեմ, որ հայկական կողմը պատրաստ է աջակցել Հայաստան-Վրաստան բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծի գործող շինարարական համաձայնագրի բոլոր տեխնիկական հավելվածների մշակմանն ու ստորագրմանը, ինչպես նաև Հայաստանի հյուսիսում նոր ցանցերի և հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի շինարարական աշխատանքների մեկնարկին։
Մեր երկրները մեծ ներուժ ունեն ընդլայնելու համագործակցությունը թվայնացման, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության, փոստային ծառայությունների և ստարտափերի ոլորտներում: Մենք մեր վրաց գործընկերներին առաջարկում ենք ուսումնասիրել Վրաստանում «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղ բացելու հնարավորությունը։
Խոսելով առողջապահության ոլորտում համագործակցության մասին՝ պետք է նշեմ, որ համավարակի սկզբից ի վեր Հայաստանն ու Վրաստանն ակտիվ համագործակցում են: Փորձի փոխանակման շնորհիվ մեզ հաջողվեց համատեղ մի շարք կանխարգելիչ գործողություններ իրականացնել։ Կարծում եմ, որ այս ոլորտում անհրաժեշտ է շարունակել զարգացնել երկու երկրների առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգերի փոխգործակցությունը և միջսահմանային համագործակցությունը, ինչպես նաև անհետաձգելի բժշկական փոխօգնության ապահովումը:
Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ կրթության և գիտության ոլորտներում ակտիվ շփումները մտնում են գործնական փուլ: Վրացական կողմի առաջարկի հիման վրա հայկական կողմն արդեն իսկ ձեռնամուխ է եղել համապատասխան աշխատանքների իրականացմանը, ինչը կնպաստի Վրաստանի հանրակրթական հաստատություններում հայոց լեզու և գրականություն դասավանդող ուսուցիչների ընդգրկմանը ատեստավորման գործընթացում, որի նպատակը մասնագետների որակավորումը բարձրացնելն է: Իր հերթին, մենք կդիտարկենք Հայաստանում վրացերենի ուսուցման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը՝ ակնկալելով վրաց գործընկերների աջակցությունն այս հարցում: Մենք հետաքրքրված ենք Հայաստանում վրացերենի ուսուցման շրջանակի, ծավալների մեծացմամբ, մենք կարծում ենք, որ մեր այս հարաբերությունների շատ տրամաբանական շարունակությունը կլինի, եթե մենք այս ոլորտում կոնկրետ արդյունքներ գրանցենք:
Միաժամանակ, ցանկանում եմ ընդգծել կրթության, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում համատեղ կրթական և հետազոտական ծրագրերի իրականացման հնարավորությունների զարգացման կարևորությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային համագործակցության ձևաչափերով: Հույս ունեմ, որ կկարողանանք արդյունավետ համագործակցել նաև հայերենով ուսուցմամբ հանրային դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքների պահպանման և զարգացման հարցերի շուրջ: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ մեզ համար չափազանց կարևոր է նաև, որ Վրաստանի հայությունը լիարժեք տիրապետի վրացերենին, քանի որ մեր ընկալումն այն է, որ Վրաստանի հայ համայնքը պետք է շարունակի մնալ Վրաստանում կայունությանը, միասնությանը, համերաշխությանը նպաստող գործոն: Վրաստանի կայունությունը, զարգացումը, մեզ համար առավել քան կարևոր է:
Մեր երկրների համար կարևոր է մշակույթի բնագավառում համագործակցության ընդլայնումը, քանի որ մեր ժողովուրդները կարող են միմյանց ներկայանալ հարուստ մշակութային ժառանգությամբ և ներուժով, իսկ հումանիտար ոլորտում համագործակցությունը հատկապես կարևոր է երկու ժողովուրդների միջև բարեկամական ավանդույթների շարունակականության ապահովման առումով: Միաժամանակ վստահ եմ, որ կարիք ունենք հայ–վրացական մշակութային կապերի որակապես նոր օրակարգի ձևավորման, այն է՝ զուտ մասնակցային ձևաչափից անցում կատարել համատեղ մշակութային նախաձեռնությունների դաշտ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելիս միասնական հայտերի ներկայացման սկզբունքի կիրառմամբ: Ուրախ եմ, որ այս ուղղությամբ արդեն իսկ առկա է ակտիվ երկխոսություն:
Խոսելով մշակութային փոխգործակցության մասին՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վրացի գործընկերներին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի նոր շենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման, ինչպես նաև թատերախմբի գործունեությանը շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:
Հաշվի առնելով արդեն իսկ ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը՝ երկու երկրների զբոսաշրջության զարգացման համար պատասխանատու կառույցները պետք է շարունակեն ջանքեր գործադրել արդյունավետ համագործակցություն ապահովելու ուղղությամբ, մասնավորապես՝ երկու երկրների զբոսաշրջային գործակալությունների կողմից համատեղ փաթեթների մշակման միջոցով։ Այս առումով մեր վրացի գործընկերներին առաջարկում ենք մշակել զբոսաշրջության ոլորտում հայ-վրացական համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր։ Այս գաղափարը նոր չէ և մենք խոսել ենք և պետք է մեր զբոսաշրջային կազմակերպություններին քաջալերենք, որպեսզի նրանք միասնական փաթեթներ դուրս բերեն շուկա, այսինքն ուղղությունը լինի ոչ թե Հայաստան կամ Վրաստան, այլ ուղղությունը միանգամից լինի Հայաստան և Վրաստան, Վրաստան և Հայաստան: 2019 թվականին Հայաստանը զբոսաշրջության ռեկորդային ցուցանիշ ունեցավ և մեր փորձը ցույց տվեց, որ այս կարգի փոխգործակցությունը շատ արդյունավետ է և կարող է արդյունքների բերել:
Սպորտի և երիտասարդության ոլորտում համագործակցության հետագա զարգացման նպատակով անհրաժեշտ է ակտիվացնել տարբեր մարզաձևերից հավաքական թիմերի համատեղ ուսումնամարզական հավաքների, Հայաստանի և Վրաստանի մարզաբազաներում համատեղ մարզումների, սպորտային բժիշկների ու մարզիչների համար սեմինարների կազմակերպումը:
Նաև Հայաստանի և Վրաստանի շրջանների միջև ապակենտրոնացված համագործակցությունը նույնպես զարգացման մեծ հնարավորություններ ունի: Այս համատեքստում պետք է դիտարկել նաև միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող անդրսահմանային համագործակցության տարբեր ծրագրերին հետագա ներգրավման հնարավորությունը:
Պարոն վարչապետ, եթե Դուք դեմ չեք գաղափարին, ես մտածում եմ օրինակ, որ մեր սահմանամերձ մարզերի, շրջանների ղեկավարների մակարդակով նույնպես կարող ենք որոշակի փոխգործակցության հնարավորություն ստեղծել և փորձենք ապահովել բոլոր մակարդակներում մեր հարաբերությունների զարգացումը:
Նաև բնապահպանության ոլորտում մեծ պոտենցիալ եմ տեսնում, հաշվի առնելով, որ գլոբալ բնապահպանական մարտահրավերներն այլևս վերազգային բնույթ են կրում: Դրանց հասցեագրումը ևս պահանջում է միջազգային համագործակցության ընդլայնում և ջանքերի միատեղում գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում:
Հարգելի՛ գործընկերներ,
Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջկառավարական հանձնաժողովի նիստի բոլոր մասնակիցներին՝ նիստն իրականություն դարձնելու և կատարված արդյունավետ աշխատանքի համար։ Վստահ եմ, որ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք կհաղորդեն հնարավոր բոլոր ուղղություններով մեր երկկողմ համագործակցությանը։
Շնորհակալություն»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search