Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Քարիմ Մասիմովը ձերբակալվել է պետական դավաճանության կասկածանքով։
Պետական դավաճանության կասկածանքով ձերբակալվել է Քարիմ Մասիմովը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին գրում է Panorama.am-ը՝ վկայակոչելով Ազգային անվտանգության կոմիտեի հաղորդագրությունը։
Աղբյուրը մանրամասնում է, որ երկու օր առաջ՝ հունվարի 6-ին Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն «պետական դավաճանության փաստի առթիվ նախաքննություն է սկսել՝ Ղազախստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով»։
«Նույն օրը, այս հանցագործությունը կատարելու կասկածանքով, ԿՆԲ նախկին նախագահ Կ.Կ. Մասիմովը և այլ անձինք բերման են ենթարկվել և տեղափոխվել ժամանակավոր պահման վայր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին խորհրդական Երմուհամեթ Երտիսբաևն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում ճգնաժամի պատճառներից մեկն էլ բարձրաստիճան պաշտոնյաների և իրավապահ մարմինների աշխատակիցների դավաճանությունն է։
Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները նա որակել է որպես պետական հեղաշրջման փորձ և զինված ապստամբություն։
«Դրա ծավալները խոսում են այն մասին, որ առանց իշխանության բարձրագույն օղակի՝ հատկապես իրավապահ մարմինների դավաճանների, դա անհնար էր իրականացնել»,-նշել է նա։