Պետնախարարի աշխատակազմի կողմից մշակված և կատարված աշխատանքներից առաջնահերթորեն մեծ ազդեցություն ունեն պատերազմի հետևանքով պայմանավորված ծրագրերը:
Բնակարանային հարցերի կոմիտեն մեծ թափով զբաղվելու է բոլոր շահառուների բնակարանային կարիքների բավարարման հարցերով. պետնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած ամփոփիչ ամենամյա ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
«Պատերազմի հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում բավականին աշխատանք է կատարվել, և Արցախի ներդրումային հիմնադրամը ստացել է 46956 հայտ, որից 8352-ն արդեն բավարարվել է` ավելի քան 10 մլրդ դրամի շրջանակներում: Հաջորդ` պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում արդեն 9300 հայտ է ստացվել, որից հունվարի 1-ի դրությամբ 1349-ը բավարավել է` ընդհանուր ավելի քան 6 մլրդ դրամի չափով: Մյուս՝ զոհված, անհայտ բացակայող ճանաչված, առաջին կարգի անժամկետ հաշմանդամ և անօթևան քաղաքացիների համար բնակարանային ծրագիրն արդեն մեկնարկել է: Պատերազմի հետևանքով շահառու դարձած ու բնակարանային ապահովման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրները կանոնակարգելուց հետո բնակարանային հարցերի կոմիտեն մեծ թափով զբաղվելու է նաև մնացած բոլոր շահառուների բնակարանային կարիքների բավարարման հարցերով, և ամբողջ դաշտը պլանավորում ենք այս տարի կանոնակարգել, որպեսզի առավելագույնս արդյունավետ, արդարացի և թափանցիկ համակարգ ունենանք մեր քաղաքացիների համար», - նշել է Ա. Բեգլարյանը: