2021թ. ԵԱՀԿ-ում տարածել ենք 20, ՄԱԿ-ում 15, Եվրոպայի խորհրդում 4 փաստաթղթեր, որոնք վերաբերում են մարդասիրական, Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության, տարբեր քաղաքական հարցերի, որոնք, ընդհանուր առմամբ, ունենում են իրենց ազդեցությունը, և շարունակելու ենք տարածել, որպեսզի Արցախի ձայնը լսելի լինի աշխարհով մեկ:
Շարունակելու ենք Արցախի ձայնը լսելի դարձնել աշխարհին. Դավիթ Բաբայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած 2021 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
«2021թ. արտաքին գործերի նախարարությունը իրականացրել է իր գործառույթները՝ փորձելով ամեն ինչ անել` պաշտպանելու Արցախի շահերը միջազգային տարբեր ատյաններում, ինչպես նաև անմասն չմնալով աշխարհաքաղաքական գործընթացներից:
Գերատեսչության կողմից տարածած փաստաթղթերի, պաշտոնական հայտարարությունների, հաղորդագրությունների, մեկնաբանությունների թիվը, ընդհանուր առմամբ, կազմում է 159, ինչը, կարծում եմ, բավականին ակտիվ գործընթաց է, որը մենք իրականացրել ենք` իհարկե, նաև ՀՀ մեր գործընկերների, սփյուռքի մեր կառույցների հետ համատեղ, ինչը շատ եմ կարևորում», - նշել է Դ. Բաբայանը: