1993 թ. ապրիլի 2-ին ավարտվեց մարտի 27-ին սկսված Քարվաճառի ազատագրման օպերացիան՝ այնտեղ նախկինում տեղակայված ռազմական հենակետի ոչնչացման, բռնազավթված բնակավայրերի ազատագրման և ադրբեջանական բանակի լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախման գործողությամբ:
1993 թ. այսօրը ավարտվեց Քարվաճառի օպերացիան. մասնակիցների հիշողություններից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի հետ զրույցում Արցախյան ազատամարտի հերոսներից Արկադի Տեր-Թադևոսյանը նկատեց, որ այս օպերացիան գրեթե կարելի է համարել պատերազմի ելքի համար ճեղքում, քանի որ այդ հաղթանակը թույլ տվեց հայ կամավորականներին ազատագրել ողջ Արցախը: Թեպետ ասաց, որ ԼՂՀ ամեն մի ազատագրված հատված այդ պատերազմում շատ կարևոր էր:
«Եվ թեպետ քելբաջարյան օպերացիան հերթականն էր օպերացիաներից, որ անցկացվում էին Հայաստանում և Ղարաբաղում, այն մեզ հնարավորություն տվեց այս ուղղությամբ պակասեցնել մեր ուժերը, և դրանք ուղղել առավել ծանր կետեր: Մենք այնտեղից հանեցինք լարվածությունը, ազատագրեցինք այն և հետագայում դարձրեցինք խաղաղ բնակչության համար նախատեսված շրջան»,- ասաց նա։
Ինչպես տեղեկանում ենք հայկական ազատ հանրագիտարանից՝ 1993-ի մարտի վերջին իրավիճակը կտրուկ սրվել էր հյուսիսարևմտյան ռազմաճակատում։ Ադրբեջանական բանակի հրամանատարությունը հյուսիսարևելյան մարտագծում ղարաբաղյան ուժերի ուշադրությունը շեղելու նպատակով Քարվաճառում տեղակայված խմբավորումներին առաջադրանք է տալիս թիկունքից հարվածել Մարտակերտի շրջանում տեղաբաշխված ղարաբաղյան ուժերին։ Դա ստիպում է Պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատարությանը առժամանակ հետաձգել «Պուշկենյալ» բարձունքի գրոհը և հոգալ Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևմտյան դարպասների պաշտպանության մասին։
Կարճ ժամանակում ավարտելով զինուժի և տեխնիկական միջոցների վերախմբավորումը՝ ռազմաճակատի հյուսիսարևմտյան հատվածում ստեղծվում է պաշտպանական ուժեղ պատնեշ, որն ի չիք է դարձնում ադրբեջանական զինուժի Մարտակերտի շրջանում խորանալու բոլոր փորձերը։ Մարտի 27-ին ՊԲ ստորաբաժանումները, նախօրոք կանխարգելիչ հետախուզությամբ ուղեկցվող մի շարք հարվածներից հետո, 3 տարբեր ուղղություններով սկսում են Քարվաճառի ռազմական հենակետի ոչնչացման գործողությունը։
Լաչինի միջանցքը` ՊԲ զինուժը մարտի 29-ին մտնում է Քարվաճառի շրջանի Ենիքենդ և Աղաջաքենդ գյուղերը։ Մարտի 30-ին ոչնչացվում են հակառակորդի կրակակետերը Բաղրլու, Քեչիլիղայա, Չորման գյուղերում, որտեղից ամիսներ շարունակ պարբերաբար հրետակոծության են ենթարկվում Մարտակերտի շրջանի արևմտյան տարածքները։ Ապրիլի 2-ին հայկական զինուժը ազատագրում է Քարվաճառը Գանձակին կապող խաչմերուկը, իսկ ապրիլի հինգին մտնում Օմարի լեռնանցք:
Արկադի Տեր-Թադևոսյանը նկատեց, որ Քելբաջարյան օպերացիան իրականացվել է մի քանի փորձերից հետո և դրան մասնակցել են «Արաբո», Վանաձորի, Վարդենիսի, Սաղաթել Անդրեասյանի, Հովսեփ Հովսեփյանի և այլ ջոկատների տղաներ:
Հայկական կողմի կորուստները Քելբաջարն ազատագրելիս, զինվորական տերմինաբանությամբ՝ եղել են նորմայի սահմաններում, իսկ ահա ադրբեջանական զինուժը, ըստ Արկադի Տեր-Թադևոսյանի, ահռելի կորուստներ է կրել:«Նրանք փորձեցին անցնել լեռները, խուճապային տրամադրության մեջ էին և բավականին մեծ կորուստներ ունեցան»,- մանրամասնեց Արկադի Տեր-Թադևոսյանը:
Նշենք, որ Քելբաջարում տեղակայված ադրբեջանական ուժերին օգնության հասնելու համար այդ ուղղությամբ շարժվել էին հակառակորդի 8 միավոր զրահատեխնիկա և շուրջ 250 հետևակ և արևելյան զորախմբի զորամասերի հետ փոխգործողությամբ զարգացնելով հարձակումը` ՊԲ ուժերը ապրիլի 5-ին դուրս են եկել Օմարի լեռնանցք:
Կոմանդոսը Քելբաջարի ազատագրման հետ կապված մի հետաքրքիր պատմություն հիշեց.«Երբ դեռ դժվար էր Քելբաջարում, մեզ կանչեց Սերժ Սարգսյանը և ուղարկեց այնտեղ՝ ինձ, Ֆելիքսին և այլ սպաների, և երբ մենք գնում էինք, ամենածանր տեղում երբ նշանակեցին Ֆելիքս Գզողյանին /ներկայումս գեներալ մայոր/ ես իրեն ասացի՝ սրանից հետո քեզ կնշանակենք Հայաստանի ամենաթեժ կետերի դեսպան»:
Tert.am-ի հետ զրույցում Ֆելիքս Գզողյանը, վերհիշելով 23 տարվա վաղեմության դեպքերը, ասաց, որ իրենց սերունդը իրենց մեծ երազանքը կատարել է:
«Մենք Օմարի լեռնանցքի վրա ենք եղել, որ նման բան չէր եղել երբևէ և ինչ երազել էինք, փառքով կատարել ենք, թե ով է հերոս եղել, սա արդեն պատմություն է, մենք ունեցել ենք՝ «կամանդույուշչի» Անդրեասյան, մի ուղղության վրա ես էի, մի ուղղության վրա՝ Խաչատուրովը, հիմա սա արդեն կարևոր չէ, հիմա արդեն հերթը նոր հերոսներինն է, որոնք պետք է պահեն մեր հայրենիքի սահմանները, Ղարաբաղ պահեն, Հայաստան պահեն, Տավուշ և Երասխ, դուք էլ իրենց պետք է դուխ տաք»,- ասաց նա։
Ֆելիքս Գզողյանը հավելեց, որ «թող ադրբեջանցիները մեզ չջղայնացնեն» ու ավելացրեց. «Ես Օմարի գագաթին վրա էլ եմ ասել, թող մեզ չջղայնացնեն, թե չէ Քուռն էլ կգրավենք, Կիրովաբադն էլ հետը»։
Բուլղար լրագրող Ցվետանա Պասկալևան Քելբաջարի ազատագրման մասին իր հուշերում դեռ 23 տարի առաջ գրել էր. «Քելբաջարը ստեղծված այս անտանելի իրավիճակից դուրս գալու միակ ելքն էր։ Անհրաժեշտ էր պահպանել Լաչինի միջանցքը և Մարտակերտի շրջանի հյուսիսային պաշտպանական գծերը։ Անհրաժեշտ էր փակել Գյանջայի կողմից լեռնանցքով անցնող այն ճանապարհը, որով հզոր ուժեր՝ ռազմամթերք և կենդանի ուժեր էին տեղափոխվում Մարտակերտ և Լաչինի միջանցք։ Ճիշտ է, դա ձմռանը դժվարանցանելի ճանապարհ էր, բայց ձնհալից հետո բանուկ էր դարձել։ Հետևաբար, այդ հատվածը պետք էր վնասազերծել։ Այն լուրերը, թե իբր Քելբաջարում հազարավոր խաղաղ բնակիչներ են տուժել, թե դաժանություններ են կատարվել կամ էլ թե մեծաթիվ զոհեր են եղել, ստահոդ հայտարարություններ են։ Հայկական ուժերը գիտեին, որ վերջիվերջո իրենց կրկին ագրեսորի պիտակն են կպցնելու։ Այդուհանդերձ, ամեն ջանք գործադրվեց, որ մարտական գործողությունները Քելբաջարի խաղաղ բնակչության համար հնարավորին չափ ցավազուրկ և անկորուստ անցնեին։ Նախ՝ հատուկ հրաման կար (ընդհուպ մինչև զինվորական ատյան) բնակչությանը ձեռք չտալու և նրա հեռանալը չարգելելու մասին»։