ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն, ամփոփելով անցած շաբաթը, հայտնում է, որ 2022 թվականի հունվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 597 զանգ:
Արտակարգ իրավիճակներին պետական ծառայությունն ամփոփում է շաբաթը
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք: Արձանագրված հրդեհները ժամանակին մարվել են: Ոչ ոք չի տուժել:
«Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնոնումներն իրականացնելու համար, փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 2 ելք: Արցախի օկուպացված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է մեկ աճյուն: Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն: Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ: Ընդհանուր առմամբ` այս շաբաթ հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 5 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ և 1 ձեռքի նռնակ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի` նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 3, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 15 կանչ: Փրկարարները կատարել են դռան 5 բացում, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 2 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի 11 կանչերի:
Ձյան առատ տեղումներով պայմանավորված` ԱԻ պետական ծառայության անձնակազմը ուժեղացված ծառայություն է իրականացրել հանրապետության ամբողջ տարածքում՝ դպրոցամերձ տարածքներում ապահովել երեխաների անվտանգ տեղաշարժը, անհրաժեշտության դեպքում էլ միջպետական ճանապարհահատվածներում կատարել արգելափակման մեջ հայտնված ավտոմեքենաների քարշակման աշխատանքներ:
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է Հանրապետության բնակչությանը, որ շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում` ցանկացած իրավիճակում հորդորելով հիշել 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները: