ԱՀ Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքի բնակիչները ապրում ու արարում են հայրենի հողում` չընկրկելով դժվարությունների առաջ:
Մուշկապատում դժվարություններն աշխատանքով են հաղթահարում. համայնքապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մուշկապատ համայնքի ղեկավար Ռուբեն Մուսայելյանը: 7-8-րդ դարերում հիմնադրված գյուղն այսօր 271 բակիչ ունի, ովքեր իրենց ապագան տեսնում են միայն հայրենի եզերքում։
«Մինչև 2010թվականը գյուղում կոլտնտեսության գրասենյակ էր գործում. հենց այդտեղ էլ 2015թ․ կառուցվել է համայնքային կենտրոն, որտեղ գործունեություն են իրականացնում 160 տեղանոց ակումբը, բուժկետն ու գրադարանը։ Պետք է ասեմ, որ մեր համայնքի բնակիչները հաճախակի են օգտվում գրադարանից: Դպրոցի շենքը կառուցվել է 1983 թվականին: 2005 թվականին «Մանկության առաքելություն» հայ-ֆրանսիական կազմակերպության կողմից այն հիմնանորոգվել է. այստեղ կրթվում և դաստիարակվում է 43 աշակերտ։ 2019թ.-ից Մուշկապատում գործում է «Ես» կրթական հիմնադրամի ծրագիրը, որի ռազմավարական նպատակը գյուղերից երիտասարդների արտագաղթի կանխումն է»,-ներկայացրել է համայնքապետը` հավելելով, որ Մուշկապատի ազատ բնակֆոնդում 16 տուն կա, և սիրով կտրամադրեն թշնամու տիրապետության տակ անցած տարածքներից տեղահանված հայրենակիցներին:
Մեր զրուցակցի խոսքով` գյուղում է գտնվում 17-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ բնակիչների աղոթատեղին, որը պետական միջոցներով և բարերարի աջակցությամբ վերանորոգվել է 2017 թվականին: Ռ. Մուսայելյանի տեղեկացմամբ՝ գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ, սակայն գազաֆիկացված չէ:
«44-օրյա պատերազմի ժամանակ մեր գյուղը երկու զոհ է տվել, երկու համագյուղացի էլ վիրավորվել են: Բայց մեր ժողովուրդը հայրենասեր է, նվիրված։ Հենց դա է պատճառը, որ ոչ մեկը գյուղից հեռանալու նպատակ չունի։ Իրենց համար զբաղմունք են գտնում։ Համայնքը 825,35 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք ունի: Հողն են մշակում, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ զբաղվում, մեղուներ պահում` դրանով փորձելով հաղթահարել կորուստն ու դժվարությունները: Մնում է` հարատև խաղաղություն լինի, որ հայրենիքը զարգանա, երկիրը ծաղկի»,-ընդհանրացրել է Ռ. Մուսայելյանը: