Մայիսի 27-ին Մարտունու շրջանի Ղուզե Ճարտարում տեղի կունենա Էմմանուէլ դը Լաբառիի անվան մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությունը:
Ղուզե Ճարտարում կբացվի նոր մարզադաշտ
Մայիսի 27-ին Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղում տեղի կունենա Էմմանուէլ դը Լաբառիի անվան մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությունը:
Ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչ Միշել Տանկրեզը, մարզադաշտը կառուցվել է «Հայաստան» հիմնադրամի ֆրանսիայի մասնաճյուղի աջակցությամբ: Խոսելով Էմմանուէլ դը Լաբառիի մասին՝ Մ. Տանկրեզը նշեց, որ նա այն ֆրանսիացի կամավորներից էր, որ երկար տարիներ համագործակցել է հիմնադրամի հետ, և բազմիցս մասնակցել է Արցախի տարբեր շրջաններում իրականացրած ծրագրերին: «Վերջերս դժբախտաբար նա կյանքից հեռացել է և Ղուզե Ճարտարում կառուցված թե՛ մարզադաշտը, և թե՝ վերջերս կրկին հիմնադրամի ֆրանսիայի մասնաճյուղի միջոցներով կառուցված մանկապարտեզը բարերարների ցանկությամբ ի հիշատակ Էմմանուէլ դը Լաբառիի, նրա անունով է կոչվել»,-ասաց Մ. Տանկրեզը:
ԼՂՀ կառավարության առընթեր սպորտի պետական կոմիտեի առաջատար մասնագետ Գրիգոր Առաքելյանի տեղեկացմամբ էլ, մարզադաշտի բացման օրը կնշանավորվի ֆուտբոլային մրցախաղով, որին կմասնակցեն՝ Ստեփանակերտի, Մարտունու, Պատարայի և Ճարտարի մանկական թիմերը: Առաջինից-երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, Գ. Առաքելյանի խոսքով, սպորտի պետական կոմիտեի կողմից կստանան հուշանվերներ: