Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի և Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի համատեղ նախաձեռնությամբ հայտարարվում է «Դերասանի վարպետություն» դասընթացի ընդունելություն:
Ստեփանակերտում դերասանի վարպետության դասընթաց կկազմակերպվի. նախաձեռնողները մանրամասներ են ներկայացնում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այսօր՝ ապրիլի 6-ին, դասընթացի վերաբերյալ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմադրող ռեժիսոր Վահան Խաչատրյանը ՄՄՀ-ում հանդես է եկել մամուլի ասուլիսով։
Ըստ բանախոսի՝ դասընթացը կտևի 10 ամիս, իսկ ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, ինչը հնարավորություն կտա աշխատելու թատրոնում և հեռուստատեսությունում:
«Դիմորդը պետք է օժտված լինի վառ ստեղծագործական երևակայությամբ և բեմական արտահայտչաձևերի բազմերանգությամբ: Մեծ նշանակություն ունեն դիմորդի դերասանական և երաժշտական, ինչպես նաև կազմակերպչական ունակությունները, ինքնուրույն մտածելակերպը»,-նշել է Վ. Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ դասընթացին մասնակցել ցանկացողները պետք է հանձնեն քննություն՝ ներկայացնելով բեմական խոսք (արտասանում է գրական տարբեր ժանրերի ստեղծագործություններ` բանաստեղծություն, առակ, հատված արձակ գործից կամ որևէ մենախոսություն), երգ՝ իր ընտրությամբ և Էտյուդ (ներկայացնում է կյանքից վերցրած մի փոքր դրվագ` համապատասխան վերաբերմունքով), պար՝ իր ընտրությամբ: Դասընթացին կարող են մասնակցել միջնակարգ և բարձրագույն կրթություն ունեցող անձինք: Տեղերի սահմանափակ լինելու պատճառով նախապատվությունը կտրվի ամենաբարձր միավոր հավաքած 20 մասնակիցներին: Դասավանդման լեզուն կլինի հայերենը: Դասընթացը վճարովի է:
Բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանն իր հերթին ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ այն հետագայում որպես ուղղություն կարող է ավելանալ բուհի մասնագիտությունների շարքում։ Դասընթացի մասնակցության հայտերն ընդունվում են 2022 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 29-ը ներառյալ: Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել (097) 28-11-31 հեռախոսահամարին։