Նյու Ջերսի նահանգի Բրուքդեյլ համայնքում կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես:
Նյու Ջերսիի Բրուքդեյլ համայնքում կբացվի Հայոց ցեղասպանության նվիրված ցուցահանդես
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Asbury park press պարբերականի փոխանցմամբ՝ այդ ցուցահանդեսով Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգները ասում են, որ թույլ չեն տա մոռացության մատնել ցեղասպանությունը կամ վերաբերվել այնպես, իբրև թե այն տեղի չի ունեցել:
«Այս ցեղասպանությունը ժխտվում է: Մենք գիտենք, որ այն տեղի է ունեցել և ցանկանում ենք բարձրաձայնել դրա մասին մեր հանրության առջև», - ասել է Բրուքդեյլի քոլեջի Հոլոքոստի, Մարդու Իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոնի ղեկավար Դեյլ Դանիելսը:
Ապրիլի 12-ին բացվելիք ցուցադրությանը կներկայացվեն լուսանկարներ և արխիվային նյութեր, որոնք պահպանվել են Հայոց ցեղասպանությունից: Կցուցադրվեն «Ճանապարհորդություն դեպի կյանք. Հայաստան, պատմական ցուցադրություն» (A Journey to Life: Armenia, an historical exhibit) և «Պատկերների ցուցադրություն. Հարյուր տարվա հիշողություն» (Illuminating Images: A Hundred-Year Remembrance) խորագրով տեսաֆիլմեր:
Միջոցառմանը նաև կներկայացվեն 54 ականատեսի վկայություններ, որոնց ընտանիքները ներկայումս ապրում են Մոնմոթ համայնքում: Այդ վկայությունները ամփոփված են «Հարյուր տարվա արիության ժառանգությունը. հարգելով մեր համայնքի Հայոց ցեղասպանության ականատեսների կյանքերը» (Hundred-Year Legacy of Courage: Celebrating the Lives of Armenian Genocide Survivors in Our Community) գրքում: