Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության նախաձեռնությամբ և միջոցներով վերանորոգվել ու համապատասխան գույքով կահավորվել է ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի բուժակ-մանկաբարձական կետը:
Վերանորոգվել է Նախիջևանիկի բուժակ-մանկաբարձական կետը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Նախիջևանիկի համայնքապետ Սևակ Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ բուժկետն ուներ վատթար շենքային պայմաններ, և դրանց բարելավումը, իսկապես, անհրաժեշտություն էր։
«Գյուղում 257 բնակիչ է ապրում, դպրոցն ունի 86 աշակերտ։ Նրանցից շատերը առարկայական օլիմպիադաներում ցուցաբերում են մեծ ակտիվություն, հաճախ պատվավոր հորիզոնականներ զբաղեցնում։ Վերջերս «Բարի Արցախ» խորագիրը կրող նախագծի շրջանակներում գյուղում խաղահրապարակ է կառուցվել, որն ապահովում է երեխաների ակտիվ հանգիստը. Ունենք 34 նախադպրոցական տարիքի երեխա»,-նշել է Ս. Պետրոսյանը։
Անդրադառնալով բնակչության զբաղվածությանը՝ մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ 172 հա վարելահող և այգի է մնացել թշնամու տիրապետության տակ, բայց բնակիչները չեն ընկրկում, իրենց տնամերձ հողատարածքներն են մշակում, և որևէ մեկը գյուղից հեռանալու ցանկություն չունի։