Այսօր՝ մայիսի 16-ին, Արցախի պետական համալսարանում մեկնարկել է ամփոփիչ որակավորման քննությունների, 4-րդ կուրսերի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի հանձնման փուլը:
ԱրՊՀ-ում մեկնարկել է ամփոփիչ որակավորման քննությունների, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի հանձնման փուլը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում բուհի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը նշել է, որ այս տարի Մայր բուհն ավարտում է 490 ուսանող:
«Ամփոփիչ ատեստավորման քննություն է հանձնելու 230 շրջանավարտ, ավարտական աշխատանք է պաշտպանելու 129-ը, իսկ մագիստրոսական թեզ՝ 131 ուսանող: Այս տարի նախապես բոլոր ավարտական աշխատանքներն ու մագիստրոսական թեզերն ուղարկել ենք հանձնաժողովի նախագահներին, որպեսզի նախապես ծանոթանան աշխատանքներին, և կարողանան ավելի օբյեկտիվ գնահատել դրանք»,-ասել է Գ. Սահակյանը՝ տեղեկացնելով, որ քննությունների, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի հանձնման փուլը կավարտվի մայիսի 20-ին։
Բուհի Տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ Եվգենյա Հայրիյանը մեզ հետ զրույցում ասել է, որ Տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի «ֆինանսներ» բաժնի 4-րդ կուրսում սկսվել է ավարտական աշխատանքների հանձնման փուլը:
«Ուսանողներն այնպիսի թեմաներ են ընտրել, որոնք բավականին արդիական են Արցախի և Հայաստանի տնտեսությունների ուսումնասիրության ներկայիս փուլում, այսինքն՝ թեմաներն ընդգրկվում են հետպատերազմական շրջանի իրողություններն Արցախում, բանկային համակարգի առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև հետաքրքիր թեմաներ կան առանձին կազմակերպությունների ուսումնասիրության ոլորտում»,-ասել է Ե. Հայրիյանը:
ԱրՊՀ Բանասիրական ֆակուլտետի դեկան Լուսինե Մարգարյանի խոսքով՝ բոլոր նրանց համար, ովքեր ավարտական խմբերում ամփոփիչ որակավորման քննությունների պետք է մասնակցեն, կազմակերպվել են մեկշաբաթյա խորհրդատվական ժամեր, ևս մեկ անգամ քննարկվել են հարցատոմսերում ընդգրկված անհասկանալի հարցերը:
«Բավականին բարդ ժամանակահատված է բաժին հասել այս տարվա շրջանավարտներին: Կարծում եմ, որ մեծ դժվարությամբ և մեծ ծանրությամբ ենք համավարակի և պատերազմի շրջանները հաղթահարել, բայց այսօր արդյունքները պետք է որ չամաչեցնեն մեզ»,-ընդհանրացրել է Լ. Մարգարյանը: