Արդեն 9-րդ տարին է, ինչ Արցախը ներկայացնող թիմը ՆԶՊ առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում գրավում է մրցանակային 1-ին պատվավոր հորիզոնականը: Այս տարի ևս Ստեփանակերտի համար 9 և համար 12 դպրոցների հավաքական թիմը ՀՀ-ից հաղթանակով է վերադարձել Արցախ:
ՆԶՊ օլիմպիադայում հաղթած Արցախի թիմին դիմավորել են Ստեփանակերտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այսօր՝ մայիսի 16-ին, Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հարակից տարածքում դիմավորել են օլիմպիադայի հաղթողներին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԿԳՄՍ նախարարության Նախազորակոչային պատրաստության բաժնի վարիչ Դավիթ Օհանջանյանը համոզմունք է հայտնել, որ յուրաքանչյուր առարկայի վերջնարդյունքը գնահատվում է օլիմպիադաների և քննությունների ժամանակ:
«Պատերազմից հետո նմանատիպ հաղթանակներն ավելի կարևորվեցին, քանի որ օլիմպիադայում ներկայացված են այնպիսի մարզաձևեր, որոնք անհաժեշտ են նաև մարտի դաշտում: Մենք հպարտ ենք մեր թիմի անդամների, զինղեկների կատարած աշխատանքով»,-ասել է Դ. Օհանջանյանը:
9-րդ դպրոցի զինղեկ, մայոր Արսեն Հարությունյանի խոսքով՝ հերթական հաղթանակը, ի տարբերություն անցած տարիների, փոքր-ինչ դժվար տրվեց թիմին:
«Թիմում ընդգրկված էր յոթ մասնակից՝ երկու աղջիկ և հինգ տղա: Այս տարի մարզաձևերի մեջ կատարելագործման նոր մեթոդներ են ավելացել, մասնավորապես` թեստային աշխատանքների շրջանակում, որտեղ մեր երեխաները 20 միավորից հավաքեցին 18-ը: Կար յոթ մարզաձև, վեց մարզաձևում գրավել ենք առաջին տեղը, իսկ մեկ մարզաձևում՝ երկրորդ»,-նշել է Ա. Հարությունյանը:
Թիմի ավագ Մովսես Հովսեփյանը, մեզ հետ զրույցում իր տպավորություններով կիսվելով, մրցույթը բավականին հետաքրքիր է համարել։
«Մրցույթն անց է կացվել բարձր մակարդակով: Դժվարություններ, իհարկե, կային, թիմերը լավ էին պատրաստվել, բայց հաղթեց ուժեղագույնը»,-ընդգծել է նա:
Օլիմպիադայի հաղթողները պարգևատրվել են ԱՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրերով, արժեքավոր նվերներով և «Զորաց ակումբ» հասարակական կազմակերպության կողմից՝ դրամական խրախուսանքով. ՀԿ-ն իր աջակցութունն է ցուցաբերել նաեւ նախապատրաստական պարապմունքների ընթացքում։