Այսօր՝ մայիսի 23-ին, «Արցախպրես» լրատվական գործակալությունը տոնում է իր հիմնադրման ութամյակը:
«Արցախպրես» անկախ լրատվական գործակալությունը ութ տարեկան է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լրատվամիջոցը հիմնադրվել է 2014 թվականին: «Արցախպրես» անկախ լրատվական գործակալության թիմն այս ութ տարիների ընթացքում իր ամենօրյա անխոնջ աշխատանքով շարունակում է ակտիվորեն լուսաբանել Արցախում տեղի ունեցող դեպքերն ու իրադարձությունները՝ հնարավորինս հասանելի դառնալով բոլորին:
Գործակալությունն ակտիվորեն գործում է սոցիալական տարբեր՝ ֆեյսբուք, թվիթթեր, օդնոկլասսնիկ մեդիահարթակներում, և համագործակցում է արցախյան, հայաստանյան և Սփյուռքի լրատվամիջոցների հետ:
Օրվա առթիվ իրենց շնորհավորանքներն են հղել Արցախի լրագրողական համայնքի ներկայացուցիչներ:
«Հիմնադրման առաջին ամիսներից աշխատակցել եմ «Արցախպրես» լրատվական գործակալությանը, և այդ ժամանակից ի վեր գործակալության աշխատակիցները դարձել են իմ բարեկամները: Գործակալությունն այսօր կատարում է բավականին անհրաժեշտ ու կարևոր աշխատանք: Դեռևս 90-ական թվականներին մենք մտածում էինք Արցախում բացել լրատվական գործակալություն, բայց կողքից խորհուրդ չտվեցին մրցակցել Երևանի և Մոսկվայի լրատվական գործակալությունների հետ, և ես ստիպված եղա համակերպվել: Սակայն «Արցախպրես»-ի աշխատանքային գործունեության սկիզբը և ապա ընթացքը ցույց տվեց, որ ճիշտը գործակալության հիմնադրումն է»,-մեզ հետ զրույցում ընդգծել է լրագրող, հրապարակախոս Միքայել Հաջիյանը:
Արցախի Ժուռնալիստների միության նախագահ, լրագրող Կիմ Գաբրիելյանի համոզմամբ՝ «Արցախպրես» լրատվական գործակալությունն իր ծնունդով վերացրեց բոլոր այն կաղապարներն օպերատիվության առումով, որոնք կային մինչ այդ:
««Արցախպրես»-ը ամենաօպերատիվ լրատվամիջոցն է եղել և կա այսօր: Օպերատիվությունը, որով իրադարձությունները կարողանում է հասցնել իր ընթերցողներին, շատ ողջունելի է: Շնորհավորում եմ գործակալության ստեղծման օրվա կապակցությամբ և լրատվամիջոցին թղթակցող լրագրողներին: Թող «Արցախպրես»-ը միշտ մնա իր բարձրության վրա»,-նշել է ժուռնալիստների միության նախագահը:
Արցախի հանրային ռադիոյի տնօրեն Տաթև Միրզոյանն ընդգծել է՝ «Արցախպրեսը» եկավ լրացնելու մեր մեդիադաշտի բացը։
«Լրատվական գործակալությունը արցախցի մեդիասպառողի համար նորություն էր։ Գործակալությունը ոչ միայն լրացրեց բացը, այլև դարձավ առաջատար լրատվամիջոցներից մեկը։ Թող «Արցախպրեսը» երբեք չկորցնի իր արդիականությունը»,-ասել է Տ. Միրզոյանը։