Էներգետիկ շուկայում ստեղծված իրավիճակը համաշխարհային հանրությունից պահանջում է վերանայել կանաչ էներգիայի աղբյուրներին անցնելու ծրագրերը և պահպանել ներդրումները նավթի ու գազի նախագծերում։
Էներգաշուկայի իրադրությունը պահանջում է վերանայել կանաչ էներգիայի աղբյուրներին անցնելու ծրագրերը
Այս մասին երկուշաբթի օրը Financial Times-ի կայքում հրապարակված հարցազրույցում ասել է Սաուդյան Արաբիայի Saudi Aramco ազգային նավթային ընկերության ղեկավար Ամին Նասերը։
«Ընթացիկ ճգնաժամը պարզապես ցույց է տալիս մեզ, որ ամբողջ աշխարհում պակասում են ռեզերվային հզորությունները», - հայտարարել է Նասերը, որը Դավոսում մասնակցում է Համաշխարհային տնտեսական համաժողովին:
«Փոխանակ աշխատելու էներգետիկ ոլորտի զարգացման ուղղությամբ, որը մինչև 2050 թվականը կօգնի ամբողջ աշխարհին, մենք աշխարհին դրդում ենք ավելի շատ ածուխ օգտագործել և լրջորեն չենք վերաբերվում էներգետիկ անվտանգության խնդիրներին, գնային մատչելիությանը և էներգակիրների առկայությանը», - հավելել է նա:
Նասերի խոսքով՝ նույնիսկ համաշխարհային էներգետիկ ակտիվության նվազման դեպքում նավթի համաշխարհային պահանջարկը չի նվազի օրական 100 մլն բարելից, իսկ մոտ ապագայում կարող է աճել օրական մինչև 105 մլն բարել՝ COVID-19 համավարակից հետո տրանսպորտային հոսքերի վերականգնման ֆոնին:
«Ներդրումների բացակայության պայմաններում 100 մլն բարելի պահանջարկ ենթադրող համակարգը շատ խոցելի է դառնում անկանխատեսելի խափանումների համար, որոնք կարող են տեղի ունենալ», - ասել է նա՝ կրկնելով, որ գների կայուն մակարդակ ապահովելու համար անհրաժեշտ են ներդրումներ նավթագազային ոլորտում:
Աշխարհի նավթի արդյունահանման ծավալների խոշորագույն ընկերության ղեկավարը հավելել է, որ Սաուդյան Արաբիան կարող է 30 օրվա ընթացքում ավելացնել արդյունահանումը 10,2 մլն բ/վ-ից մինչև 12 մլն բ/վ առավելագույն հնարավոր ցուցանիշը՝ պահանջարկը ծածկելու համար:
Նասերը ակնկալում է, որ Ռուսաստանում արդյունահանման մակարդակը չի ընկնի 8 մլն բ/վ-ից ցածր, քանի որ զեղչերի հաշվին այդ ծավալները կվաճառվեն:
Ընդ որում, նրա խոսքով, ՌԴ-ի համար ավելի դժվար կլինի գնորդներ գտնել իր գազի համար այն դեպքում, երբ եվրոպական երկրները սկսել են կրճատել դրա սպառումը: