Նախօրեին՝ մայիսի 31-ին, Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցի մարզադաշտում Արցախի կիոկուշին կարատեի մարզիկների համար ՀՀ կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիայի կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից անց է կացվել «կիոկուշին կարատե» մարզաձևի գոտու որակավորման քննություն։
Ստեփանակերտում «Կիոկուշին կարատե» մարզաձևի գոտու որակավորման քննություն է անցկացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր, մարզիչ Արմեն Պետրոսյանը նշել է, որ կիոկուշին կարատեում գոտին կատարողականության, աշխատասիրության, մարզման և հմտությունների մակարդակի նշան է:
Այդ նպատակով սահմանված ժամկետներում կազմակերպվում են գոտու որակավորման քննություններ։ «Արցախում նմանատիպ քննություններն անց են կացվում 2006 թվականից։ Այսօր 250 մարզիկների մասնակցությամբ անց ենք կացնում հերթական որակավորման քննությունը. նրանց ճնշող մեծամասնությունը կհանձնի սկզբնական գոտիներ, կկատարի «կատա», «կիխոն», «կումիտե» վարժություններ։
Եվ ինչքան բարձրանում է գոտու կարգը, այնքան նվազում է աշակերտների քանակը։ Արցախում գործում է վեց խումբ, ունենք նաև աղջիկների խումբ։ Կրտսեր և ավագ գոտիների քննությունները անց են կացվում Ստեփանակերտում, իսկ վարպետական սև գոտիները՝ կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից ՀՀ կամ այլ երկրներում իրականացվող սեմինարների ժամանակ»,-նշել է Ա. Պետրոսյանը։
Հադրութցի 11-ամյա Սերգեյ Խամփերյանն անկեղծանում է` դեռևս մեկ տարի է, ինչ զբաղվում է <<կիոկուշին կարատե>> մարզաձևով, և մեծ սպասելիքներ ունի` այդ սպորտաձևի հետ կապված։