Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում գյուղատնտեսական եռուզեռ է: Սկսվել է գարու բերքահավաքը:
Խնապատում սկսվել է գարու հունձը. արդյունքները գոհացուցիչ են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Սամվել Շահրամանյանը:
«Երեկվանից արդեն սկսել ենք գարու հունձը: Մի քանի ամիս առաջ, հորդառատ անձրևների պատճառով, կարծում էինք, որ բերք չենք ստանալու, սակայն, նախնական արդյունքները սպասվածից գոհացուցիչ են: Կատարել ենք նաև ցորենի, 9 հեկտար կորնգանի, 14 հեկտար եգիպտացորենի ցանքս»,-ասել է Ս. Շահրամանյանը:
Նրա խոսքով՝ համայնքում անասնապահությամբ զբաղվողները քիչ են: Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի անասնագլխաքանակը նվազել է:
«ATP բարեգործական հիմնադրամի և Green Training Center աջակցության ծրագրի շրջանակում 12 տնտեսության համար 30 քառակուսի մետր մակերեսով ջերմատներ կկառուցվեն: Բնակչության շրջանում ջերմոցային տնտեսությամբ զբաղվելու պահանջարկը մեծ է»,-նշել է մեր զրուցակիցը:
Համայնքապետի խոսքով՝ հետպատերազմական շրջանում համայնքում հաստատված տեղահանված ընտանիքները ևս ընդգրկված են գյուղատնտեսական աշխատանքներում: Մեծ մասը զբաղվում է այգեգործությամբ, տնամերձերում՝ բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: