Այսօր՝ հունիսի 24-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պարգևատրել է սոցիալական համակարգում երկարամյա գործունեություն ծավալած և նշանակալի ավանդ ունեցող մի խումբ աշխատակիցների:
Արթուր Թովմասյանը պարգևատրել է սոցիալական համակարգի մի խումբ աշխատողների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 hունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ ԱԺ նախագահը նշել է, որ պատերազմի առաջին իսկ օրվանից համակարգի աշխատակիցները կարողացել են արագ ինքնակազմակերպվել՝ իրականացնելով անհրաժեշտ միջոցառումներ և թույլ չտալով, որ կաթվածահար լինի ոլորտի աշխատանքը
«Այդ ջանադիր գործունեությունն առայսօր շարունակվում և տեսանելի է բոլորիս. հետպատերազմական ժամանակաշրջանն աշխատանքի նոր որակներ և հմտությունների կանոններ է պահանջում, որոնք սոցիալական համակարգի աշխատակիցները ձեռք են բերել և պատվով կիրառում են իրենց ամենօրյա նվիրված և պատասխանատու աշխատանքի ընթացքում: Այսօրվա պարգևատրման արարողությունը նաև հնարավորություն է՝ հնչեցնելու հիացմունքի և շնորհակալական խոսքեր այն գործի նկատմամբ, որը, ցավոք, շատ հաճախ մնում է դեռևս չլուծված հարցերի ստվերում: Շնորհակալության խոսքս ուղղված է յուրաքանչյուրին, ով սրտացավությամբ և գիտակցաբար ամեն օրը նվիրում է հանրության սոցիալական տարբեր խավերի հոգսերը թեթևացնելուն և խոցելի խմբերին լիարժեք ինքնադրսևորվելու նոր հնարավորությունների ընձեռնմանը: Ուզում եմ վստահեցնել, որ Արցախի օրենսդիր դաշտի ներկայացուցիչները պատրաստ են համագործակցել և աջակցություն ցուցաբերել բոլոր այն ծրագրերի իրականացման ընթացքում, որոնք պիտի բարձրացնեն մեր հայրենակիցների սոցիալական ապահովության և պաշտպանվածության մակարդակը»,- նշել է Ա. Թովմասյանը:
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին կատարվող աշխատանքը գնահատելու համար:
Շուրջ 46 տարվա աշխատանքային փորձ ունեցող Սմելա Սարուխանյանը մեզ հետ զրույցում ուշադրության արժանանալը մեծ պատիվ ու պատասխանատվություն է համարել։
«Այս պարգևը բոլորիս համատեղ աշխատանքի գնահատականն է: Նախարարությունում աշխատել եմ 17 տարի: Աշխատել եմ սոցիալական խոցելի խավի հետ: Փորձել եմ աշխատել բարեխիղճ, որպեսզի բոլորն էլ գոհ մնան»,-ասել է Ս. Սարուխանյանը: