Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիվանագիտական հաղթանակ է անվանել Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ հուշագրի ստորագրումը
Էրդողանը դիվանագիտական հաղթանակ է անվանել Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ հուշագրի ստորագրումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում է armeniatoday.news-ը:
«Հուշագրի ստորագրումը դիվանագիտական հաղթանակ է։ Մենք կհետևենք Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից փաստաթղթում արտացոլված դրույթների կատարմանը», – ասել է Էրդողանը։
Նա ընդգծել է, որ Թուրքիայի խորհրդարանը չի քննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտին հավանություն տալու հարցը, եթե այդ երկրները չկատարեն Անկարայի հետ պայմանավորվածությունները:
Էրդողանը հիշեցրել է, որ Հելսինկիի և Ստոկհոլմի պայմանավորվածություններին համապատասխան իրենց տարածքում «պետք է մաքրեն Քրդստանի աշխատավորական կուսակցությունը»:
Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ Շվեդիան խոստացել է 73 մարդու հանձնել Անկարային, որոնք առնչություն ունեն ահաբեկչական գործունեության հետ:
Հունիսի 28-ին Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայությամբ Մադրիդում հուշագիր են ստորագրել, որը վերացնում է դաշինքին երկու երկրների անդամակցության խոչընդոտները: