Հուլիսի 1-ին Արցախի Հանրապետությունում նշվում է ԱՀ քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական տոնը։
Հուլիսի 1-ին ԱՀ քննչական կոմիտեի ծառայողները նշում են մասնագիտական օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մասնագիտական օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողներն այսօր ծաղիկներ են խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում և Զինվորական պանթեոնում՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին: Այնուհետև՝ ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանն օպերատիվ խորհրդակցության ձևաչափով հանդիպել է քննչական կոմիտեի անձնակազմի հետ։
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից։
Արձանագրելով գործունեության ցուցանիշները և նախանշելով ծառայության արդյունավետության բարձրացման ուղիները` հրապարակվեցին մասնագիտական օրվա առթիվ ԱՀ Նախագահի հրամանագրով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի, գործընկեր կառույցների ղեկավարների և ԱՀ քննչական կոմիտեի նախագահի՝ ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ ծառայողներին պարգևատրելու մասին հրամանները։ Եզրափակիչ խոսքում՝ ԱՀ քննչական կոմիտեի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ պահանջեց նոր եռանդով լծվել գործառութային պարտականությունների կատարմանը որդեգրելով՝ «Անաչառություն և որակ» ուղենիշը։
«Հետպատերազմյան ժամանակաշրջանով պայմանավորված, քրեական գործերի շարունակական աճի պայմաններում մենք պարտավոր ենք գերլարել մեր ուժերը, աշխատել ինչպես նախաքննության որակի բարձրացման, այնպես էլ դատավարության կողմերի բոլոր իրավունքների անշեղ ապահովման ուղղությամբ։ Լիարժեք արդարության մթնոլորտի ամրապնդումն Արցախի Հանրապետության գոյության և զարգացման կարևոր նախադրյալ է»,- եզրափակեց ԱՀ քննչական կոմիտեի նախագահը։