Այսօր՝ հուլիսի 4-ին, Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը վկայագրեր է հանձնել հիփոթեքային վարկավորման միջոցով Հայաստանի Հանրապետությունում բնակարան ձեռք բերելու նպատակով պետական աջակցության ծրագրի` 44-օրյա պատերազմի հետևանքով մի խումբ զոհված կամ անհայտ բացակայող անձանց ընտանիքների:
ՀՀ-ում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի առաջին շահառուները վկայագրեր են ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից։ Վկայագրերի հանձնման ժամանակ, շնորհակալություն հայտնելով զոհվածների հարազատներին համբերատար ծրագրի գործարկմանը սպասելու համար, Արմեն Մանգասարյանը ներկայացրել է ծրագրի հետագա ընթացքը:
«Վկայագրեր ստանալուց հետո ընտանիքները բնակվարձի վճարման նպատակով տրամադրվող 40 000 դրամական աջակցությունը կստանան միայն առաջին երկու ամիսներին»,- նշել է կոմիտեի նախագահը` հավելելով, որ այդ աջակցությունից օգտվելու հնարավորությունից չզրկվելու համար ցանկալի է, որ հիփոթեքային վարկավորման ծրագրի շահառուները նախապես ունենան նախընտրելի բնակարան և միայն այդ դեպքում դիմեն ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե (հասցե` ք. Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 2) կամ ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ (հասցե` ք. Երևան, Աբովյան 9)` առաջիկայում վկայագիր ստանալու համար: Վկայագրերի հանձնման արարողությանը մասնակցել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը: