Նախօրեին՝ «Զարթոնք» արվեստի ակադեմիայի ծրագրով Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական քոլեջում դասական համերգ է կազմակերպվել:
Ստեփանակերտում դասական համերգ է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համերգի ընթացքում հնչել են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ ակադեմիայի սաների ու դասախոսների, ինչպես նաև Կոմիտասի անվան երաժշտական քոլեջի ուսանողների կատարմամբ:
«Զարթոնք» ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, «Ատգեն Արմենյան» հիմնադրամի նախագահ Վան Արմենյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ծրագրի նպատակն է Արցախում բացահայտել տաղանդների և հնարավորություն տալ նրանց լիարժեք զարգացնելու իրենց շնորհները:
«Մենք ուզում ենք ցույց տալ, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը ամուր է: Հայաստանաբնակ մեր հայրենակիցները տարբեր ծրագրերով պետք է հաճախակի այցելեն Արցախ: Արդեն ժամանակն է, որպեսզի զարթոնք ապրի հայ ազգը, և մենք լուծումներ գտնենք մեր սխալները շտկելու համար»,-նշել է Վ. Արմենյանը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս,պրոֆեսոր Սենորա Գյուլբուդաղյանը բարձր է գնահատել արցախցի երեխաների ակտիվ ներգրավվածությունը ակադեմիայի ծրագրին:
«Կոմիտասի անվան երաժշտական քոլեջի երեխաները, բավականին, աշխատասեր են: Ես ուսանողներ ունեմ, ովքեր շատ շնորհաշատ են, երաժշտական, մեծ թռիչքներով կարողանում են բարձունքի հասնել»,-հավելել է Ս. Գյուլբուդաղյանը:
«Զարթոնք» ակադեմիայի հանրային կապերի պատասխանատու Քնարիկ Ներսիսյանը մեզ հետ զրույցում ընդգծել է, որ նախագիծն Արցախում կյանքի կոչելը նպատակ ունի երկխոսել մշակույթով, նպաստել Արցախն ապրեցնելուն, և, ամենակարևորը, Արցախ-Հայաստան նոր կապեր ու համագործակցությունն ստեղծել, ինչպես նաև ամրապնդել արդեն ունեցածը: