Մարտունու շրջանի Հերհեր համայնքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ հիմնանորոգվում է ապագա մանկապարտեզի շենքը:
Հերհերը շուտով մանկապարտեզ կունենա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համայնքապետ Արման Ալեքսանյանը՝ հավելելով, որ նախադպրոցական այս կրթօջախը կծառայի նաև հարևան երկու համայնքների՝ Ծովատեղի և Խերխանի երեխաներին:
Ըստ Հերհերի համայնքապետի՝ գյուղը երբևէ մանկապարտեզ չի ունեցել:
«Շինաշխատանքները, ըստ նախատեսվածի, պետք է ավարտին հասցվեն եռամսյա ժամանակահատվածում: Գյուղում մանկապարտեզ ունենալը մեծ կարևորություն ունի: Շուրջ 35 երեխա ունենք, որոնք հնարավորություն կունենան նախադպրոցական կրթություն ստանալ»,-հավելել է համայնքապետը:
Մեզ հետ զրույցում՝ ԿԽՄԿ առաքելության հաղորդակցման բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը նշել է, որ «Կրթության հասանելիություն» ծրագրի շրջանակներում փորձում են աջակցել, որպեսզի Արցախի համայնքներում երեխանները մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ունենան:
«Հերհերի մանկապարտեզի շենքը կապիտալ վերանորոգվելու և կահավորվելու է ԿԽՄԿ-ի կողմից: Արդյունքում մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենա 42-45 երեխա»,-հայտնել է նա: