Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ծառայողները Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:
Արձանագրված 38 հանցագործություններից 27-ն արդեն բացահայտվել է. ՆԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրել են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ օգոստոսի 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում 1-02 Հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 55 հաղորդում, որից 38-ը՝ հանցագործությունների վերաբերյալ: Դրանցից 27-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
Նախորդ շաբաթվա համեմատ անփոփոխ է մնացել վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի թիվը: Ստացված է 6 հաղորդումից 5-ը բացահայտվել է: Անձնական ունեցվածքի գողության մասով գրանցվել է 4 հաղորդում, որոնք ոստիկանության ծառայղների կողմից բացահայտվել և քննության փուլում են: Յոթ օրվա ընթացքում գրանցվել է համակարգչային հանցագործության 2, շրջանառությունն արգելված թմրամիջոցների հայտնաբերման 1 դեպք:
Հանցագործությունները բացահայտելու նպատակով՝ ոստիկանության ծառայողները համագործակցում են Արցախի Հանրապետության իրավապահ բոլոր գերատեսչությունների հետ և ձեռնարկում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն: Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում՝ զենք կամ ռազմամթերք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 3 քաղաքացի:
Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը: Օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, որից 20-ը՝ նյութական վնասով, 4-ը՝ մարմնական: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 7 քաղաքացի:
Օգոստոսի 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ՃՏ պատահարների հետևանքով գրանցվել է մահվան ելքով 5 դեպք: ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 27 դեպք, 20 վարորդ եղել է անսթափ վիճակում, 195-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 7 քաղաքացի: