«Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ծրագրով Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի դպրոց գործուղված ուսուցիչ-առաջնորդ Գայանե Խեչումյանի և աշակերտների համատեղ ջանքերով բացվել է ընթերցասրահ, որը կոչվել է «Մուկլիմանդիլ» ։
Վերին Հոռաթաղում ընթերցասրահ է բացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վերին Հոռաթաղի միջնակարգ դպրոցում դասավանդող ուսուցիչ-առաջնորդ Գայանե Խեչումյանը, անդրադառնալով մտահղացման նախապատմությանը, հայտնեց, որ աշակերտական առաջնորդության խմբակի շրջանակներում եզրահանգել են հարմարավետ կրթական միջավայր, ինքնադրսևորման, բանավեճերի, ֆիլմերի դիտման, քննարկումների, միջհամայնքային կապերի ամրապնդման հարթակ ստեղծելու գաղափարին:
«Այնուհետև որոշվեց, որ այդ նպատակին լավագույնս կծառայի ընթերցասրահը, որտեղ երիտասարդներն ինքնակրթվելու հնարավորություն կունենան։ Արդյունքում՝ ծնվեց «Մուկլիմանդիլը», որն ընթերցասրահ է, ինչու ոչ՝ նաև երիտասարդական կենտրոն։ Այստեղ ունենք բազմաժանր գրականություն, ժամանցային և ինտելեկտուալ սեղանի խաղեր։ Աշակերտներն ամռան ընթացքում կարդում են իրենց նախընտրած գրքերը, հավաքույթների ժամանակ զբաղվում խաղերով: Ծրագիրը կազմելուց հետո պետք է համապատասխան անուն ընտրեինք։ Այդ ժամանակ աշակերտներն ինձ հարցրին, թե ո՞րն է Արցախի բարբառով իմ լսած ամենատպավորիչ բառը։ Այդպես ընտրվեց նաև ընթերցասրահի անունը»,- նեկայացրեց Գ. Խեչումյանը:
Կարևորելով ծրագիրը, նա համոզմունք հայտնեց, որ այն դրական փոփոխություններիխթան կհանդիսանա՝ դառնալով սիրելի վայր ոչ միայն աշակերտների, այլ նաև համայնքի երիտասարդների համար։
«Կարծում եմ՝ ընթերցասրահն առաջին հերթին ունի համախմբող նշանակություն և կնպաստի նաև, որ աշակերտներն ավելի նախաձեռնող դառնան։ Ամռան ընթացքում արդեն կազմակերպվել են մի քանի հանդիպումներ, որտեղ բանախոսների դերում հանդես են եկել ճամբարական աշակերտները՝ պատմելով իրենց առօրյայի, ձեռբերումների, և այլնի մասին»,- ասել է ուսուցիչ-առաջնորդը: