Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Արցախում արձանագրվում է Covid-19 համավարակի նոր դեպքերի թվի աճ։
Հանրապետությունում աճել է կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ 2022թ․օգոստոսի 1-ից մինչև 19-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 756 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 105 դրական դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 4 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։
Ըստ վիճակագրական տվյալների ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7 դեպք։ Վարակման դեպքերի կտրուկ աճը տեսանելի է եղել հուլիս ամսվա ընթացքում, երբ նշված ժամանակահատվածում կատարվել է 1230 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 18 դրական դեպք։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել բոլոր ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար և դիմում է հանրապետության բնակչությանը՝ պատվաստվել Covid-19-ի դեմ, պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը։