Artsakhpress

Հասարակական

Սբ Գրիգոր Նարեկացի`աղոթքի հանճարը

Ապրիլի 12-ին` Հռոմի Սբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ընթացքում, Ֆրանցիսկոս պապը Սբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Կաթողիկե Եկեղեցու տիեզերական վարդապետ կամ ուսուցիչ

Սբ Գրիգոր Նարեկացի`աղոթքի հանճարը

Սբ Գրիգոր Նարեկացի`աղոթքի հանճարը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ tert.am-ի փոխանցմամբ՝ նահատակության և սրբության այսպիսի աղերսումը պատահական չէր: Հայերը նահատակ ժողովուրդ են և շատ թանկ գին են վճարել հանուն սրբության և ճշմարտության: Եվ ահա մահվանը մարտիրոսության հոգով հաղթած և ցեղասպանության մոխիրներից հարություն առած ժողովուրդը մարդկությանն է նվիրում իր ամենամեծ սուրբերից մեկին:

Իրադարձությունը պատմական էր. Նարեկացու սրբությունը, բարեխոսությունը և ժառանգությունը դարձան հոգևոր կրթության և կյանքի վերափոխման աղբյուր կաթոլիկ աշխարհի համար: Սրանով ոչ թե պատիվ ընծայվեց Նարեկացուն, ով պատվված է Աստծուց և մարդկանց պատվի կարիքը չունի, այլ Նարեկացու տիեզերական սրբությունը շատերի համար դարձավ կենդանի իրականություն և ուսուցում, օրհնության ու լուսավորության աղբյուր: Մարդկությունը մեծ հնարավորություն ստացավ սովորելու հազարամյա սուրբից և առաջնորդվելու նրա գրվածքներով:

Սբ Գրիգոր Նարեկացուց մեզ հասած գրավոր ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում նրա «Մատյանը», որը գրվել է մոտ 1000 թ.-ին և ապրել մոտ հազար տարի` դառնալով հայ ժողովրդի հոգեկեցության և ինքնության կարևորագույն արտահայտություններից մեկը: Գիրքը գրվել է, ինչպես մեզ ծանուցում է ներածական-հիշատակարանը, բազմաթիվ եղբայրների, անապատականների, ճգնավորների խնդրանքով կամ պատվերով: Այս առումով «Մատյանը» բյուրեղացումն է ճգնավորական-հայեցողական կյանքի խտացման, բազմաթիվ մարդկանց կատարելության փնտրումների և այդ ժամանակաշրջանի հոգևոր իդեալների: Գիրքը համարվել է հրաշագործ և բժշկարար զորություն ունեցող, ուստիև գրքի հետ կապված են մարդկային կյանքի զարմանալի վերափոխումների բազմաթիվ պատմություններ: Սուրբ Գրքից հետո այն համարվել է մեծագույն սրբությունը հայերի համար:

«Մատյանը» բավականին խիտ աստվածաբանական-խորհրդական բովանդակություն ունեցող աղոթագիրք է: Այն մեզ ներկայացնում է Աստծուց հեռացած մարդկային կյանքի ողբերգությունը և խոր ապաշխարության միջոցով Աստծուն միանալու ճանապարհը: Մարդու ազատագրումը և Աստծո հետ միավորումը գրքի հիմնական թեմաներն են: Սա թերևս աղոթքի ոլորտում գրված ամենահանճարեղ ստեղծագործությունն է: Այն միակողմանի դիմում չէ Աստծուն, այլ երկխոսություն երկնավոր Հոր հետ, Ով անսահմանորեն սիրում է Իր զավակներին: Գրքում քանդվում են պահպանողական և քարացած բոլոր պատկերացում-պատնեշները, որոնք սահմանում են մարդու վերջավոր վիճակը, մեղավորությունը, ոչնչությունը և անսահման Աստծուն դիմելու` դրանցից բխող սահմանափակությունները: «Նարեկը» Աստծո հետ զրույցի զարմանալի ազատություն է:

 Աղոթքը մարդու հոգու ամենաբնական վիճակն է: Ինչպես ֆիզիկական մարմինը չի կարող ապրել առանց թթվածնի, այնպես էլ մարդու հոգին` առանց աղոթքի: Աղոթքը հոգու շնչառությունն է: Աղոթում են բոլորը` անկախ նրանից` իրենք գիտակցում են դա, թե ոչ: Ինչպես բույսերն են ուղղված դեպի լույսը, այնպես էլ մարդկային հոգիները վերուղղված են դեպի երկնայինը: Ըստ էության, յուրաքանչյուր իմաստակիր խոսք աղոթք է: Երբ մենք ասում ենք որևէ բան և հավատում, որ մեր ասածն ունի իմաստ, և ի վերջո այդ իմաստը կապված է մի վերին իմաստի հետ, ապա մենք այդ խոսքի սիմվոլիզմի մեջ դնում ենք աղոթքի տարր: Բուն աղոթքը հաղորդակցության բարձրագույն դրսևորումն է, երբ մաքրվում են իմաստները, բառային տարածքները և կայանում է մաքուր հաղորդությունը իմաստի աղբյուրի հետ: Մարդու խոսելու կարողությունն, այս իմաստով, սրբազնագործություն է, որով մարմնավորվում են մտքերը, ձևավորվում է անձևը… Աստծո Որդին մեզ ներկայանում է խոսքի սիմվոլիզմի մեջ` ցույց տալով խոսքի բարձրագույն բնույթն արարչագործության մեջ. «Եվ Բանը Աստված էր…. Եվ Բանը մարմին եղավ….»:

Գիրքը ցնցում է մարդուն և ցույց է տալիս աղոթքի և ի վերջո, հոգևորի նշանակությունը մարդկային կյանքում: Առանց հոգևորի գիտակցման` մարդկային կյանքը վերածվում է մեծագույն աղետի և անհեթեթության: Մարդիկ հաճախ սա զգում են, սակայն չգիտեն, թե լուծումը որ հարթության մեջ է: Նարեկացու մատյանը` որպես մարդկային ողբերգության խորագույն պատկեր, հնարավորություն է ընձեռում մեզ մեր կատարելության վերընթացը սկսել մեր էության խորքից` վերացնելով մեր կյանքի խաթարումների խորքային պատճառները, և Աստծո հետ հաղորդակցությունը փնտրել ոչ թե հեռավոր անորոշության մշուշում, այլ մեր մեջ` մեր ներքին տաճարում: Ինչպե՞ս. աղոթքո՛վ: Ըստ Սբ Գրիգորի` աղոթքը սրտի ներքին զոհասեղանի վրա մատուցվող բանական պատարագն է, որը պետք է մատուցվի մեր հոգու ողջ պարարտությամբ և զորությամբ: Մեր զոհաբերությունն ընդունելի է, եթե այն անկեղծ և ամբողջական է: Մենք պետք է կատարելապես մեզ ընծայաբերենք Աստծուն: Իսկ երբ Աստված ընդունում է մեզ, այնժամ մենք Նրանն ենք: Աղոթքի զոհաբերությամբ մենք դառնում ենք իսկապես Մարդ` Աստծո պատկերով և նմանությամբ:

 Նարեկացու հասցեին հնչել են մեղադրանքներ: Պատճառներից առաջինը թերևս այն է, որ կանոնագիտական և դավանաբանական մեղադրանքներ են եղել նրա հայր Խոսրով Անձևացու և նրա ուսուցիչ Անանիա Նարեկացու նկատմամբ, ովքեր եղել են Ժ դարի հայ աստվածաբանական մտքի ամենալուսավոր դեմքերը: Մյուս պատճառը, ըստ երևույթին, եղել են Նարեկացու ենթադրյալ հոգևոր կապերը կամ հարգալից վերաբերմունքը այդ ժամանակների նշանավոր  այլադավան հոգևորականների հետ: Երրորդ և հիմնական պատճառը նրա ստեղծագործության յուրահատուկ ազատությունն է, որը սասանում էր եկեղեցական միջավայրում բուն դրած պահպանողական կաշկանդումների հիմքերը:

 Գրքի նկատմամբ միանշանակ վերաբերմունք չի եղել: Այն դյուրընկալելի չէ և մարդուց պահանջում է որոշակի ճիգեր: Ակտիվորեն գործածվել է վանական միջավայրում` սահմանելով հոգևոր ձգտումների և ներքին արվեստի բարձրագույն չափանիշներ: Աշխարհիկ շրջանակներում մարդիկ հաճախ, այն չկարդալով, տառացիորեն հավատացել են նրա տարաբնույթ զորություններին` երբեմն ցուցաբերելով ակնհայտ կռապաշտության և մոգության տարրեր: Շուրջ հազար տարի հայ ժողովուրդը մտել է այս գրքի հետ ուղղակի կամ անուղղակի յուրահատուկ երկխոսության մեջ` վերածելով այս գիրքը հոգևոր ինքնության մի իդեալի: Երկրավոր իրողության տառապանքների մեջ գտնվող ժողովուրդն իր ինքնության աղբյուրը սկսել է տեսնել հոգեղեն ոլորտում: Այսօր գրքի մեջ ներթափանցելու համար կան քաղաքակրթական դժվարություններ, քանի որ հոգևոր փնտրումի և կատարելության իդեալը գերիշխող չէ: Սակայն գիրքը չի դադարում առանցքային դեր ունենալ հայ ժողովրդի համար:

Գրքում չի գործածվում «Հայաստան» կամ «հայ» բառը: Հեղինակն ասում է, որ ստեղծագործության բնույթն անանձնական է, այն ամբողջ աշխարհի բոլոր փնտրող մարդկանց հավաքական ձայնն է` ուղղված առ Աստված: Մյուս կողմից` նա նաև ասում է, որ գրքի հեղինակը ոչ թե ինքն է, այլ Աստված, այսինքն` գիրքը մարդկային փնտրումների աստվածային արձագանքն է: Եվ այդ արձագանքը լսելի է: Հեղինակը նաև մարգարեանում է, որ այդ գրքով մարդիկ աշխարհի տարբեր ծագերից դիմելու են Աստծուն: Այսօր դա կատարվում է. գիրքը թարգմանվում է բազմաթիվ լեզուներով` դառնալով համամարդկային սեփականություն: Կապ չունի` լավ, թե վատ թարգմանությամբ է այն կատարված, ասվածի համաշխարհայնությունը հաղթահարում է կատարման թերությունը և լեզվամշակութային պատնեշները: Այսօր էլ աշխարհի տարբեր անկյուններում գիրքն աղբյուր է զարմանալի բացահայտումների և վերափոխումների:


Անկասկած, Հռոմի Եկեղեցու կողմից Նարեկացուն վարդապետ հռչակելը առիթ կդառնա «Մատյանի» նոր թարգմանությունների, ուսումնասիրությունների և մեկնաբանությունների: Այս ամենն իր հետ բերելու է մարդկային աղավաղումներ: Նարեկացու ճոխությունը երբեմն շեղում է հոգևոր անորոշությունների մեջ թափառողներին: Այո՛, «Մատյանը» և՛ բարձրագույն խոսք է, և՛ մտածողություն, և՛ աստվածաբանություն, և՛ փիլիսոփայություն ևն: Բայց պետք է հիշել, որ այդ ամենը արդյունք է հզորագույն հոգևոր ապրումի: Տաճար պետք է մտնել դռնով: Տաճար թափանցելու մնացած ճանապարհները պարսավելի են: Այս գիրք-տաճարի դուռը աղոթքն է: Այդպես է պնդում հեղինակը: Մարդկությունը հնարավորություն է ստանում այս կենդանի աղոթագրքով առաջնորդվելու: Սակայն նախ և առաջ մենք` այս «Մատյանը» պահպանողներս և փայփայողներս, կարիք ունենք իսկապես բացելու այս գիրքը և Աստծո հետ խոսելու:

 

Մեսրոպ քահանա Արամյան


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search