Սեպտեմբերի 17-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Վերսալ քաղաքում մասնակցեց Հայոց ցեղասպանության զոհերի և հանուն Ֆրանսիայի զոհված հայ մարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի 10-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը։
Դեսպան Տոլմաջյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի 10-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանը ներկա էին Վերսալի քաղաքապետ Ֆրանսուա դը Մազիերը, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր վարդապետ Գրիգոր Խաչատրյանը, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Շառլ Ռոդվելը, Հայազգի նախկին մարտիկների և դիմադրության շարժման մասնակիցների ազգային ասոցիացիայի (ANACRA) նախագահ Անտուան Բաղդիկյանը, ինչպես նաև ֆրանսիական տեղական իշխանությունների և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։
Դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն հայտնեց Վերսալի քաղաքային իշխանություններին՝ հայ-ֆրանսիական բազմադարյան բարեկամությանն ուղղված շարունակական ջանքերի համար։ Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունից շուրջ մեկ դար անց հայ ժողովուրդը վերստին, իր պատմական բնօրրաննում, կանգնած է գոյութենական սպառնալիքի առջև։
Ադրբեջանը, համարժեք միջազգային գնահատական չստանալով Արցախի դեմ 2020 թվականի պատերազմի սանձազերծման և գործած վայրագությունների ու ռազմական հանցագործություններին համար, վերջին օրերին կրկին ոտնձգություններ է իրականացրել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ՝ ներխուժելով Հայաստանի ինքնիշխան տարածք։
Այս համատեքստում դեսպանը կարևորեց միջազգային հանրության հասցեական գնահատականների և համարժեք հակազդեցության անհրաժեշտությունը՝ Բաքվի ռազմատենչ և ծավալապաշտական քաղաքականությունը զսպելու նպատակով։