Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, սոցիալական ձեռներեց, հանրային գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը՝ տիկնոջ հետ միասին, հանդիպել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ։
Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում կայացել է հանդիպում Ռուբեն Վարդանյանի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպման մասնակիցները նախ ծաղիկներ են խոնարհել բուհի զոհված ուսանողների հուշատախտակի առջև։
Բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ողջունելով ներկաներին, կարևորել է հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանի հանդիպումը դասախոսների և ուսանողների հետ:
Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ հանդիպման նպատակը համալսարանի գործունեությանն ու երիտասարդությանը հուզող խնդիրներին, հարցերին ծանոթանալն է, Արցախում իր ծրագրերի ու անելիքները ներկայացնելն, ինչպես նաև Արցախի զարգացմանն ու երկարաժամկետ անվտանգության ապահովմանը միտված համատեղ ծրագրեր կյանքի կոչելու շուրջ քննարկումը։
«Անելու եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի միասին ապահովենք Արցախի անվտանգությունն ու զարգացումը։ Այդ նպատակին ուղղված ծրագրերն իրագործելու համար ես աշխատելու եմ օրը 24 ժամ, աշխատելու եմ ազնիվ ու թափանցիկ։ Ես փրկիչ չեմ, ես զինվոր եմ,ով եկել է սեփական ծրագրերով, այստեղ ինչ-որ բան փոխելու ու համատեղ ջանքերով պաշտպանելու Արցախը»,-ասել է Ռ․ Վարդանյանը՝ հավաստիացնելով, որ նմանատիպ հանդիպումները շարունակական կլինեն։
Հանդիպման վերջում նա պատասխանել է պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների և լրագրողների հարցերին։