Artsakhpress

Հարցազրույց

Ստեփանակերտը թոթափել է պատերազմից կրած նյութական վնասները. քաղաքապետ Դավիթ Սարգսյան

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն անդրադարձել է պատերազմական գործողությունների հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված ծրագրերին, շինարարական աշխատանքներին, բնակչության աճով պայմանավորված խնդիրներին ու դրական փոփոխություններին, Ստեփանակերտի հետպատերազմական կյանքին վերաբերող այլ ուշագրավ հարցերի:

Ստեփանակերտը թոթափել է պատերազմից կրած նյութական վնասները. քաղաքապետ Դավիթ Սարգսյան

Ստեփանակերտը թոթափել է պատերազմից կրած նյութական վնասները. քաղաքապետ Դավիթ Սարգսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Դավիթ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին, որը ներկայացնում ենք ստորև.
-Պատերազմից հետո Ստեփանակերտում որքանով են վերականգնվել հրթիռահրետակոծության հետևանքով վնասված  շենք-շինությունները, ենթակառուցվածքները և այլն:  Այդ աշխատանքներն արդեն ավարտվե՞լ են, թե շարունակվում են:
- Պատերազմից հետո մայրաքաղաքում ձևավորվել է փաստահավաք խումբ, որը տարբեր գերատեսչությունների հետ տեղերում ուսումնասիրել և վեր է հանել հրետակոծությունից վնասված շենք-շինությունների հասցեներն ու ենթակառուցվածքները: Բայց մինչ այսօր էլ մեր քաղաքացիների կողմից ստանում ենք դիմումներ՝ իրենց այս կամ այն անշարժ գույքի հրետակոծված լինելու վերաբերյալ, սակայն դրանց վնասների ծավալները անհամեմատ փոքր են: Պատերազմի օրերին, բացի մասնավոր հատվածից, հասարակական նշանակության օբյեկտներից ու բազմաբնակարան շենքերից, մեծապես տուժել են ենթակառուցվածքները ևս: Վերջիններս նպատակային էին թիրախավորվել, քանզի գաղտնիք չէ, որ նաև նրանց հուսալիության շնորհիվ է հնարավոր ապահովել բնակավայրի կենսագործունեությունը: Թշնամու նշանառության տակ էր մասնավորապես էներգոցանցը: Քանի որ քաղաքի ողջ վարչական տարածքն էր օրուգիշեր հրետակոծվում, լրջորեն վնասվել են նաև տրանսպորտը, լուսացուցային համակարգն ու ջրաբաշխիչ ցանցը: Ի պատիվ մեր համայնքային ընկերությունների ու գործընկեր կազմակերպությունների և հուրախություն բոլորիս՝ Ստեփանակերտի ենթակառուցվածքներն այսօր լրիվությամբ վերականգնված են: Թերահավատներին հրավիրում եմ Արցախի մայրաքաղաք դրանում անձամբ համոզվելու: Քաղաքը հիմնականում թոթափել է նյութական վնասները: Որոշ տեղերում պատերազմից մնացած հետքեր դեռ կան, բայց դրանց վերացումն էլ արդեն ընթացքավորված է:
-Քաղաքապետարանը ինչ գործառույթներով է մասնակցություն ունենում Ստեփանակերտում ընթացող լայնածավալ շինարարությանը: Որքանո՞վ են լուծում ստացել սոցիալական տարբեր խմբերի՝ մասնավորապես զոհված, անհայտ կորած զինծառայողների և դեռևս Արցախյան շարժման և առաջին պատերազմի տարիներից փախստական ընտանիքների բնակարանային ապահովման հարցը:
 -Քաղաքապետարանը նշված ոլորտի ծրագրերին մասնակցում է իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում: Ստեփանակերտում շինաշխատանքներն իրականացվում են ինչպես համայնքային բյուջեի հաշվին, այնպես էլ կապիտալ շինարարության ծրագրերով՝ պետական միջամտությամբ: Փորձում ենք սոցիալական տարբեր խմբերից հնարավորինս շատ շահառուներ ընդգրկել վերանորոգման ծրագրերում: Այդ գործընթացը շարունակվելու է: Հարկ է նշել, որ վերջին տարիներին ուշադրության կենտրոնում է եղել գոյամարտի տարիներին զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման խնդիրը: Ընթացիկ տարում ծրագիրը շարունակվել է՝ բնակարանների վերանորոգման և փոխհատուցման տեսքով: Ի դեպ, մեր նահատակների ընտանիքների բնակպայմանների բարելավումը դեռ 2019 թվականին իմ նախընտրական ծրագրի դրույթներից էր, որի իրագործման հարցում հետևողական եղել ու լինելու եմ միշտ:
-Պատերազմից հետո Ստեփանակերտում հաստատվեցին բազմաթիվ տեղահանված ընտանիքներ: Ի՞նչ խնդիրներ էին առկա այդ առումով, որքանո՞վ են դրանք լուծվել և ի՞նչ դրական առանձնահատկություններ է բերել բնակչության թվի աճը Ստեփանակերտում:
- Բոլորս գիտակցում ենք, որ տեղահանվածներն ունեն բազմաբնույթ խնդիրներ՝ սկսած բնակարանայինից, մինչև հոգեբանական: Ճիշտ է, պատերազմից հետո ստեղծվել են համապատասխան պետական կառույցներ, որոնք կոչված են լուծել նրանց խնդիրները, բայց Ստեփանակերտում հաստատվածները, բնականաբար, կենցաղային շատ խնդիրների դեպքում առնչվում են քաղաքապետարանի հետ: Մենք մեր հնարավորության շրջանակում ընդառաջում ենք նրանց: Հիշեցնեմ՝ Ստեփանակերտը բոլոր արցախցիների հայրենի տունն է, հետևաբար նրա իշխանությունն էլ գրկաբաց ընդունեց տնանկ մեր հայրենակիցներին: Ուղղակի բնակչության այդ կտրուկ աճը մեր կողմից անսպասելի էր ու չնախատեսված, ինչն էլ հանգեցրեց քաղաքի ենթակառուցվածքների ծանրաբեռնվածության զգալի աճի: Բայց չեմ տրտնջում: Ես, քաղաքապետարանի ողջ աշխատակազմն ու համայնքային ընկերությունները պատրաստ ենք բազմակի ջանասիրությամբ աշխատել՝ մեր տուժած հայրենակիցների խնդիրներն օր առաջ լուծելու համար: Առավել ևս նրանցից յուրաքանչյուրն իր ինքնատիպությունն է բերել Ստեփանակերտ, իրեն բնորոշ գույնով է համալրել ստեփանակերտյան ներկապնակը՝ այն ավելի բազմերանգ ու գրավիչ դարձնելով:
-Հետպատերազմյան ժամանակահատվածում նաև եռուն աշխատանքներ են տարվում փողոցների ու բակային հատվածների բարեկարգման ուղղությամբ: Այս ընթացքում ի՞նչ աշխատանքներ են իրականացվել այդ ուղղությամբ:
-Փողոցների բարեկարգումը մեր գործունեության գլխավոր ուղղություններից էր նաև նախքան 2020 թվականի աշունը: Պատերազմից հետո մենք չենք շեղվել այդ ուղուց: Հատկապես ծավալուն ճանապարհաշինական աշխատանքներ ենք կատարել ծայրամասային հատվածներում: Խաղահրապարակների վերանորոգումն ու կառուցումը ևս մեր ուշադրության կենտրոնում է: Շուտով դրանց թիվը կմեծանա: Ստեփանակերտն ունի բավականին ընդգրկուն լուսավորման ցանց՝ հիմնականում լուսադիոդային (էներգախնայող) համակարգով: Տեղացիներն էլ են փաստում՝ Արցախի մայրաքաղաքը երբեք այսչափ լուսավորված չէր եղել: Ուզում եմ նշել, որ բոլոր վերոնշյալ աշխատանքներում շեշտը դրվում է քաղաքի ծայրամասային հատվածների վրա: Ստեփանակերտի համաչափ զարգացումը մեր գործունեության առանցքն է:
-Ի՞նչ փուլում է հրետակոծությունից մեծապես վնասված՝ Ստեփանակերտի 10-րդ դպրոցի վերանորոգումը:
- Նախ ասեմ, որ համար 10 դպրոցի շենքային համալիրը մասնագետների եզրակացությամբ վթարային է գնահատվել դեռ նախքան պատերազմը: Հրետակոծվելու հետևանքով շենքի վիճակը վատթարացել է: Ուստի արդեն այն ոչ թե վերանորոգելու, այլ հիմնովին վերակառուցելու խնդիր է դրվել՝ ներառյալ հիմքերի ուժեղացում և սեյսմակայունության աստիճանի բարձրացում: Մեծ ծավալի աշխատանք արդեն կատարվել է: Ներկա դրությամբ ծրագրի ընթացքն ակտիվ փուլում է: Օրերս 10 հիմնանորոգ դասարաններ կհանձնվեն աշակերտներին: Շենքի մի մասում ներքին հարդարում է կատարվում, մյուսում տանիքն է փոխարինվում ու այդպես շարունակ: Այսինքն, համալիրի տարբեր հատվածներում համաժամանակյա տարբեր աշխատանքներ են կատարվում:
-Ավարտվել է Ստեփանակերտի հուշահամալիրում նոր Եղբայրական գերեզմանոց-պանթեոնի կառուցումը: Ընդհանուր առմամբ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել: Ի՞նչ է խորհրդանշում նոր հուշակոթողը: Աշխատանքներ կտարվե՞ն նաև Արցախյան առաջին պատերազմում նահատակվածների պանթեոնի և ընդհանուր հուշահամալիրի տարածքի բարեկարգման ուղղությամբ:
-Հարցին պատասխանեմ վերջից: Արցախյան առաջին պատերազմի նահատակների գերեզմանոցը վերանորոգելու, պատշաճ տեսքի բերելու նպատակ ունեինք դեռ նախքան 44-օրյա պատերազմը: Բայց պատերազմի դառը հետևանքները խմբագրեցին մեր անելիքները: Այլևս առաջնահերթ էր վերջին պատերազմում մարտիրոսված տղաների գերեզմանատան կառուցումը: Ինչը հիրավի համազգային պատվի հարց էր. մեր հերոսների հիշատակը նաև այդ կերպ ենք պարտավոր վառ պահել: Նոր Եղբայրական գերեզմանոցի նախագիծը իրականացվել է շատ բարդ ռելիեֆային գոտում: Կատարվել են բարդ հողային աշխատանքներ: Հենապատեր են կառուցվել: Հաջորդիվ բետոնացման ու սալիկապատման աշխատանքներն էին: Շիրմաքարերի տեղադրումից հետո տարածքը բարեկարգվել, կանաչապատվել է: Նաև լուսավորման համակարգ է տեղադրվել: Նորակառույց կոթողը՝ «Լուսո խորան»-ը մատուռ է, որտեղ ցանկացողները կարող են մոմ վառել և աղոթել մեր նվիրյալների հոգիների հանգստության համար: Բայց այդքանով մեր անելիքը Եղբայրական գերեզմանոցում չի սահմանափակվել: Մենք հիշում ենք մեր նախապատերազմյան ուխտը և արդեն առաջարկել ենք նախագծող ընկերություններին Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանոցի վերանորոգման համար: Այն նորակառույցի հետ պետք է համահունչ լինի: Ի վերջո, այնտեղ ննջում են հանուն հայրենիքի ընկածները, իսկ հերոսությունը վաղեմության ժամկետ չունի:
-Ի՞նչ առանձնահատկություններ ունի ներկայում Ստեփանակերտ-Երևան և ՀՀ այլ քաղաքների հետ համագործակցությունը: Այդ շրջանակներում ի՞նչ ծրագրեր են իրականացվել պատերազմից հետո, որո՞նք են ընթացքում, և ինչ ծրագրեր են նախատեսվում:
-Մենք մեծ նշանակություն ենք տալիս այլ քաղաքների հետ համագործակցությանը: Այս համատեքստում, իհարկե, իր խորհրդով ու կարևորությամբ կառանձնացնեի հատկապես հայկական երկու գլխավոր քաղաքների միջև փոխգործակցությունը: Այն միշտ եղել է բարձր մակարդակի վրա: Պատերազմի օրերին շատուշատ արցախցիներ՝ այդ թվում և ստեփանակերտցիներ, ապաստանել են հենց Երևանում: Պատերազմից հետո, Երևանի ավագանու որոշմամբ, մեծածավալ օգնություն է տրամադրվել Ստեփանակերտի հրետակոծված ենթակառուցվածքների վերանորոգմանն ու արդիականացմանը: Նաև 2021 թվականին երկու քաղաքապետարանների նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվել է իր ձևաչափով նախադեպը չունեցող ցուցահանդես-տոնավաճառ՝ «Արցախյան բարիքները» խորագրով: Այսօր էլ շարունակվում է այդ համագործակցությունը տարբեր մակարդակներում: Նախատեսված համատեղ ծրագրեր ունենք, սակայն դրանց իրականացումը կախված է խաղաղության առկայությունից թե՛ Արցախում, և թե՛ Հայաստանում: Այդ իսկ պատճառով կնախընտրեի փակագծեր չբացել: Երևանից բացի Ստեփանակերտը սերտ հարաբերություններ ունի նաև Սյունյաց քաղաքների հետ: Մասնավորապես, ամռանը Ստեփանակերտի քաղաքապետարանի և Կապանի համայնքապետարանի պատվիրակությունները փոխայցեր են կատարել: Որոշակի համատեղ ծրագրեր ենք նախանշել մշակույթի, սպորտի և այլ հնարավոր ոլորտներում: Եղել ենք նաև Գորիսում և Քաջարանում: Ուզում եմ վստահեցնել՝ մենք բաց ենք կառուցողական համագործակցության համար բոլոր մեծուփոքր բնակավայրերի հետ:
-Ներկայում ի՞նչ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ ունի Ստեփանակերտը:
-Ամենաառաջնահերթ խնդիրը Ստեփանակերտում՝ ինչպես և ողջ Արցախում, անվտանգության ապահովումն է:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search