Հայկական, հրեական, հունական և քրդական կազմակերպությունների համայնքային կոալիցիան հոկտեմբերի 12-ին բողոքի ցույց է անցկացրել Փենսիլվանիայում առաջադրված սենատորի թեկնածու, ազգությամբ թուրք նախընտրական կենտրոնական գրասենյակի առջև։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն արդեն տևական ժամանակ պայքարում է թուրք Մեհմեդ Օզի ընտրարշավը ձախողելու ուղղությամբ
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն արդեն տևական ժամանակ պայքարում է Մեհմեդ Օզի ընտրարշավը ձախողելու ուղղությամբ, ի թիվս այլնի նաև մատնանշելով, որ նրա ընտրությունը վտանգ է ներկայացնում նաև ԱՄՆ ազգային անվտանգության համար։
Բողոքի ցույցի ժամանակ ելույթ են ունեցել և Հայոց ցեղասպանության ժխտողականությունն ու Օզի քաղաքական վարքը դատապարտել Հայ դատի Փենսիլվանիայի հանձնախմբի համանախագահներ Լորիկ Բարոնյանը, Նորա Գզիրյանը և Կարինե Շամլյանը, ռաբի Շմուլեյ Բոթիչը, Ֆիլադելֆիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Ներսես քահանա Մանուկյանը, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը։
Բողոքի միջոցառման առթիվ հայտարարություն էր տարածել Մեհմեդ Օզի մրցակից-թեկնածու, Փենսիլվանիայի լեյտենանտ-նահանգապետ Ջոն Ֆեթերմանը՝ համերաշխություն հայտնելով ցուցարարներին։ Ֆեթերմանը մասնավորապես նշել է․ «Ես՝ որպես Փենսիլվանացի, ողջունում եմ 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից վաղուց ուշացած Հայոց ցեղասպանության ճանաչումը, իսկ 2021 թվականին՝ նախագահ Բայդենի կողմից ճանաչումը:
Որպես ԱՄՆ սենատոր, ես կշարունակեմ աջակցել այս ոճրագործության մասին հանրային կրթության խթանմանը։ Մյուս կողմից, խորապես մտահոգիչ է, որ Օզը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ես աջակցում եմ նրանց, ովքեր բողոքում են Օզի շարունակական և նողկալի լռության դեմ: Սա կարևոր խնդիր է, և Օզի կողմից դրա ընդունումից հրաժարվելը և՛ վիրավորական է, և՛ պարսավելի»:
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ու գործընկեր համայնքային կազմակերպությունները շարունակում են աշխատանքը՝ կանխելու Մեհմեդ Օզի ընտրությունը որպես ԱՄՆ Սենատի անդամ։