«Աքշամ» պարբերականի հոդվածագիր, Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խորհրդականի պաշտոնից ազատված Էթյեն Մահչուփյանն իր հերթական հոդվածում դարձյալ անդրադարձել է 1915-ի դեպքերին։
«Որոշ պարզ իրողություններ». Մահչուփյանը վերահաստատել է տեսակետը՝ «1915-ին կատարվածը ցեղասպանություն է»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ tert.am-ի փոխանցմամբ՝ «կարճ ասած՝ ամեն վայրագություն «ցեղասպանություն» կոչող այս աշխարհում 1915-ի դեպքերին այդ բնորոշումը չտալն իրատեսական ակնկալիք չէ»,- ասել է նա։
Էթյեն Մահչուփյանն իր «Որոշ պարզ իրողություններ» վերնագրով հոդվածում նշում է, որ «Հայոց ցեղասպանություն» տերմինը տեղի ունեցած բոլոր դեպքերը նկարագրում է, ավելին ասելու կարիք չի մնում։
««Ցեղասպանություն» ասելը հայերի համար բուժիչ հետևանք ունի։ Բուժիչ, քանի որ յուրաքանչյուր ընտանիքի ապրած այդ ցավը ծածկելով՝ բոլորի ընդհանուր ցավի մասնիկն էր դարձնում։ Միևնույն ժամանակ նաև ցավեցնող, քանի որ տեղի ունեցածը գաղափարականացվում, քաղաքականացվում է ու դառնում մարդկային զգացմունքներից ավելին»,- գրել է նա։
Մահչուփյանը նաև նշել է, որ Թուրքիայում հայ չեղող մարդիկ ապրել են հորինված պատմության մեջ։
«Այժմ բոլորն ուզած-չուզած առերեսվում են։ Թուրքերը պետք է մի պարզ իրողություն տեսնեն. ՄԱԿ-ի՝ ցեղասպանության բնորոշման համաձայն՝ անհնար է, որ 1915-ի տեղահանությունը «ցեղասպանություն» չհամարվի»,- գրել է նա։
Նա խոսել է 1915-ին զոհվածների մասին ու նշել, որ այդ շրջանում հայերը նաև մոտ 2.500 եկեղեցի ու մոտ 2.000 դպրոց են ունեցել, այդ օրերին գողացվել է նաև նրանց կարողությունը, և այդ քաղաքականությունը շարունակվել է նաև Թուրքիայի Հանրապետության տարիներին։