Ստեփանակերտում կայացել է դրամատուրգ և դերասանուհի Լիանա Անթառանյանի մոնոներկայացումը
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում կայացել է ՀՀ ժողովրդական արտիստ, երջանկահիշատակ Կարեն Ջանիբեկյանի տիկնոջ բեմադրիչ Լիանա Անթառանյանի «Ես և նա» մոնոներկայացումը:
Ստեփանակերտում կայացել է դրամատուրգ և դերասանուհի Լիանա Անթառանյանի մոնոներկայացումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լիանա Անթառանյանը նշել է, որ այս տարի լրանում է Կարեն Ջանիբեկյանի 85-ամյակը:
«Այս տարվա մեր հյուրախաղերը նվիրված են լինելու Վարպետի հիշատակին: Կարեն Ջանիբեկյանը մտադիր էր Ստեփանակերտում թատրոնի վերանորոգումից հետո ներկայացում ունենալ, սակայն չհասցրեց: Ես փորձում եմ իրագործել նրա կիսատ թողածը: Նման միջոցառումները կարևորվում են նրանով, որ ապրեցնում են Արցախը»,-ասել է դերասանուհին:
Ներկայացնելով Կարեն Ջանիբեկյանի ստեղծագործական կյանքի դրվագները, Լիանա Անթառանյանն անդրադարձավ «Սարերում կյանք կա» և «Վանա Կատու» ստեղծագործություններին:
Դերասանուհու խոսքով՝ արցախյան բեմում մեծ պատասխանատվությամբ է խաղում իր հեղինակային դրաման, քանի որ Արցախի թատերասերը բարձրաճաշակ և պահանջկոտ է: