Պատերազմից հետո Հադրութի վերաբացված մանկապատանեկան կենտրոնը ներկայում մասնաճյուղեր ունի Ստեփանակերտում, Երևանում, ՀՀ մարզերում՝ 45 խմբակի և 372 աշակերտի ընդգրկմամբ:
Ստեղծարար ոգով ու ապագայի ծրագրերով Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն շարունակում է գործել ու ընդլայնվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը։
«Համեմատաբար մեծաթիվ խմբակները գործում են Արցախում, ինչը պայմանավորված է նրանով, որ մասնագետները Երևանից տեղափոխվել են Արցախ»,-մանրամասնեց նա՝ հավելելով, որ առաջիկայում նախատեսում են նաև հրթիռամոդելավորման խմբակ բացել, որը սակայն շրջափակման պատճառով հետաձգվել է:
«Ստեփանակերտում երեխաները հիմնականում սիրում են հաճախել տիկնիկագործության և պարի խմբակներ։ Պարապմունքներն անց են կացվում Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում, որտեղ ավելի ընդարձակ է ու հարմարավետ: Հետագայում նախատեսում ենք նաև կավագործության խմբակի տեղափոխումն այստեղ»,-ներկայացրել է Հադրութի ՄՊՍԿ տնօրենը:
Շրջափակման ընթացքում կենտրոնը շարունակել է գործել՝ փորձելով ապահովել սաների արդյունավետ ժամանցը։ Ի․ Թամրազյանի խոսքով՝ Հադրութի ՄՊՍԿ-ի վերականգման գործում մեծ է պետության աջակցությունը, որը շարունակվում է: Բացի այդ, Կենտրոնի հիմնական եկամուտը ստացվում է աշխատանքների վաճառքից։
Անդրադառնալով միջոցառումների մասնակցությանը, ՄՊՍԿ տնօրենը հայտնել է, որ առաջիկա օրերին պատրաստվում են մասնակցել «Ապագա սերունդներ» հիմնադրամի կողմից կազմակերպվելիք նկարչական մրցույթին՝ «Արցախի երկինքը» թեմայով, որին կներկայացնեն ավելի քան 12 գեղանկար։ Ցանկություն ունեն նաև մասնակցել Հայաստանում նախատեսվող մրցույթին, որը կկազմակերպվի Նկարիչների միության կողմից: Դրա համար, սակայն, պիտի կարողանան մինչև մարտի 11 իրենց նկարները տեղափոխել Երևան: Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ղեկավարը շրջափակման ընթացքում սկսել է «Վարդենիսի վիշապագորգ» գործել՝ հույսով, որ երբ արագ վերջացնի, ճանապարհն էլ կբացվի, սակայն գորգն արդեն պատրաստ է, իսկ ճանապարհը շարունակում է փակ մնալ:
Կենտրոնը նախապատրաստվում է նաև «Շուշիի ու Հադրութի դռներն ու դարպասները» խորագրով նկարչական ցուցահանդեսին՝ Ստեփանակերտի պատկերասրահում, որը հաջողելու դեպքում կցուցադրվի նաև Երևանում, հետո նաև արտասահմանում։