Artsakhpress

Հարցազրույց

Ես ոչ իշխանության մարդն եմ, ոչ ընդդիմության, ես իմ ժողովրդի ու հայրենիքի մարդն եմ

Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հարցազրույց է տվել Հրապարակ օրաթերթին։

Ես ոչ իշխանության մարդն եմ, ոչ ընդդիմության, ես իմ ժողովրդի ու հայրենիքի մարդն եմ

Ես ոչ իշխանության մարդն եմ, ոչ ընդդիմության, ես իմ ժողովրդի ու հայրենիքի մարդն եմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հարցազրույցը ստորև․
-Շուրջ 70 օր է Արցախն արգելափակված է։ Ոմանց կարծիքով սա փորձություն է, որի միջով պետք է անցնեն արցախցիները եւ այն հաղթահարելու դեպքում աշխարհին կապացուցեն իրենց անկախությունն Ադրբեջանից ու անկախ ապրելու վճռականությունը։ Բայց կա նաեւ կարծիք, որ սրանով Արցախն արյունաքամ կլինի, ու ճանապարհը բացվելու դեպքում կարող է նաեւ հայաթափվել։ Դուք ի՞նչ եք կարծում։

-Կյանքում ամեն պայքար ունենում է նպատակ, միջոցներ, արժեքներ ու գին: Շրջափակումը մեր ընդհանուր պայքարի մի փոքր փուլն է, և անհրաժեշտ է դրան վերաբերվել ռազմավարական դիտանկյունից և ընդհանուր համատեքստում: Այդ առումով, մենք պետք է դիմակայենք շրջափակման փորձությանը՝ չխախտելով որևէ կարմիր գիծ և զիջման չգնալով մեր կենսական շահերի հաշվին: Պարզապես այստեղ գլխավոր հարցը շրջափակման հետևանքների ու պայքարի արդյունքների հստակ գնահատումը և դրանց համեմատության հիման վրա որոշումների կայացումն է, որը կառավարման տեսանկյունից բավականին դժվար հարց է՝ հաշվի առնելով մի շարք էական գործոնների առնչվող առկա անորոշությունները: Ամեն դեպքում, ես ինքս էությամբ ու գաղափարապես պայքարի ու փորձությունների կողմնակից մարդ եմ, քանի որ ցանկացած պայքար ու փորձություն, բացի բուն արդյունքներից, մշտապես ապահովում է նաև կոփման ու կատարելագործման մեծ հնարավորություններ, այլ հարց, թե ով ինչպես է օգտագործում այդ հնարավորությունները: Հարցին ամբողջությամբ ուղիղ պատասխանելու համար ասեմ, որ նշված երկու տարբերակներից ոչ մեկն էլ լրիվ իրատեսական չեն՝ ո՛չ անկախության միջազգային ճանաչման կհասնենք, ո՛չ էլ Արցախը արյունաքամ կլինի, ճշմարտությունը մեջտեղում մի տեղ է՝ որոշակի դրական արդյունքներով ու բացասական հետևանքներով, այդ թվում՝ ոչ մեծաքանակ արտագաղթը:

-Դուք նստացույց էիք նախաձեռնել սկզբնական փուլում, աշխարհին ուղղված կոչեր էիք հնչեցնում, երթեր անում։ Ինչ որ պահից դադարեցրեցիք՝ պայքարի ձեւը փոխվե՞ց, տեսաք, որ անիմա՞ստ է, թե՞ աշխարհն անտարբեր գտնվեց եւ հրաժարվեցիք պայքարից։ Առհասարակ ինչպես եք գնահատում դրսի արձագանքն արցախյան բլոկադային։

- Մեր նստացույցի գլխավոր նպատակը ներքին ու արտաքին լրացուցիչ ուշադրություն հրավիրելն էր՝ նաև խթանելու ակտիվ գործողություններ ու քննարկումներ լուծումների վերաբերյալ: Կարծում եմ՝ մեկշաբաթյա նստացույցի արդյունքում մեզ հաջողվել է հասնել նվազագույն նպատակներին և որոշակի դրական ազդեցություն ունենալ նշածս ուղղություններով: Դադարեցրեցինք, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը կայացավ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և բոլոր դեսպանատներն ու միջազգային կառույցները փակվում էին ամանորյա արձակուրդներով պայմանավորված, ինչպես նաև խնդիր կար իմ աշխատանքային բուն պարտականությունների արդյունավետ կատարման հետ կապված, որոնք ներառում էին գլխավորապես արտաքին քաղաքական ու տեղեկատվական ուղղությունները: Եվ այս ընթացքում հիմնականում ոչ հրապարակային կերպով ընդգրկված եմ եղել այդ ուղղություններով աշխատանքներում՝ իմ փոքրիկ ներդրումը բերելով ընդհանուր պայքարին: Շրջափակմանը միջազգային արձագանքը գնահատում եմ գործնական առումով անբավարար, իսկ խոսքի մակարդակում՝ բավարար, բայց ոչ լավ: Գործնական արձագանքի անբավարար լինելը պայմանավորված է երկու հիմնական հանգամանքով, այն է՝ միջազգային հանրության գլխավոր դերակատարների շահերի թույլ համընկնությունը մեր շահերին և հումանիտար զրկանքների ոչ աղետալի վիճակը: Ուստի, անհրաժեշտ է քրտնաջանորեն աշխատել տարբեր ազդեցիկ երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների կառուցման ու ամրապնդման ուղղությամբ՝ նաև կանխելու հնարավոր հումանիտար աղետը:

- Արցախում լարված իրավիճակ է՝ կենսապահովման խնդիրներ կան, արցախցիներն ապրում են պատանդի կարգավիճակում, ինչը բնականաբար նաեւ նյարդային լարումներ է առաջացնում եւ ներսում մեղավորների փնտրտուք, հատկապես՝ ներիշխանական շրջանակներում։ Դուք այս ընթացքում Հայաստանում եք եղել, բայց նաեւ պետնախարարի խորհրդականի պաշտոնն եք զբաղեցնում, հետաքրքիր է լսել Ձեր վերլուծությունը՝ ի՞նչ է կատարվում ներիշխանական շրջանակներում, ինչու՞ նախագահը ազատեց Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից, հաջողվո՞ւմ է արցախցիներին պահպանել միասնականությունը։

- Ես այս ընթացքում ինձ հեռու եմ պահել ներիշխանական լարվածություններից ու տարաձայնություններից երկու կարևոր պատճառով: Նախ, որովհետև կարծում եմ, որ անթույլատրելի է ունենալ ներքին պառակտում ու լարվածություն հատկապես արտաքին սպառնալիքներով պայմանավորված ճգնաժամային միջավայրում և դրա փոխարեն պետք է միահամուռ ջանքերով կենտրոնանալ արտաքին մարտահրավերները հաղթահարելու վրա: Ես դրա մասին կարծիքս ասել եմ և՛ Ռուբեն Վարդանյանին, և՛ նախագահ Հարությունյանին՝ պատրաստակամություն հայտնելով ցանկացած կերպ աջակցել ներքին համերաշխության ու միասնականության ապահովմանը: Երկրորդ, քանի որ տեղում չլինելով չեմ կարող բավարար չափով տեղեկություններ ունենալ իրավիճակի մասին, ուստի բարոյական իրավունք էլ չունեմ ներգրավվածություն ունենալ ներքին գործընթացներում: Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ որքան էլ Արցախում ներքին տարաձայնություններ ու հակասություններ կան՝ այդ թվում շրջափակման հետ ընդհանրապես կապ չունեցող պատճառներով, սակայն այնտեղ անհամեմատ ավելի միասնական ու հարգալից քաղաքական մշակույթ է տիրում, քան՝ Հայաստանի Հանրապետությունում, ապացույցը՝ Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի խոսքն ու վարքը փետրվարի 23-ին: Ռուբեն Վարդանյանի ազատման պատճառներին անդրադարձել է նախագահ Հարությունյանը, և ես ճիշտ չեմ գտնում իմ կողմից հրապարակային վերլուծություն կատարել դրանց վերաբերյալ: Ուրախ եմ, որ պարոն Վարդանյանը որոշել է մնալ Արցախում և շարունակել իր կարևոր գործունեությունը Արցախի համար. նա հաստատ շատ բան ունի Արցախին տալու: Ի դեպ, առիթն օգտագործելով կուզեի արձանագրել ցավով, որ շատ հաճախակի Արցախի ներքին պառակտվածությունը և լարվածությունը խթանվում է Հայաստանի տեղեկատվական ու քաղաքական որոշ շրջանակներից, այնինչ այդ կամա և ակամա պառակտիչները պետք է գիտակցեն, որ Արցախը մեծապես տարբերվում է Հայաստանից՝ մարտահրավերների, խոցելիության, քաղաքական մշակույթի և այլ կարևոր տեսանկյուններից: Ուստի, Արցախի համար իրապես ցավող յուրաքանչյուր գործիչ ոչ թե յոթ, այլ տասնյոթ անգամ պետք է չափի նախքան ներքին լարվածություն խթանող գործողություն կամ հայտարարություն կատարելը:

-Կարծիք կա, որ Ադրբեջանն ու իր կեղծ բնապահպաններն էլ են փակուղի մտել՝ չգիտեն իրենց անելիքը, հաջողություն չեն արձանագրում, բայց նաեւ հանգուցալուծումը չգիտեն ինչպես գտնել։ Եւ տպավորություն կա, որ թիրախը ոչ այնքան Արցախն է, որքան Հայաստանը։ Դուք ինչպե՞ս եք մտածում։ Ձեր կարծիքով՝ ինչի է ուզում հասնել Ադրբեջանը՝ մինիմում եւ մաքսիմում պլանը որն է։

- Ադրբեջանական այս և այլ հանցագործությունների գլխավոր թիրախը հայ ժողովուրդն է՝ հայկական միասնական հայրենիքով, ինքնությամբ և ազգային շահերով հանդերձ: Այս շրջափակման առավելագույն պլանը Արցախում էթնիկ զտման իրականացումն է՝ կյանքի համար անտանելի ու խիստ անորոշ պայմաններ ստեղծելու հետևանքով մեծ արտագաղթ խթանելու միջոցով: Միջին պլանի մեջ են մտնում Հայաստանի տարածքով արտատարածքային ճանապարհ (իրենց տերմինաբանությամբ՝ «միջանցք») ստանալը, Հայաստան-Արցախ միակ ճանապարհի վրա մշտական վերահսկողություն ապահովելը, իսկ նվազագույն պլանը՝ Արցախի տնտեսության փլուզումը և բնակչությանը շարունակական հոգեբանական ահաբեկչության ենթարկելը: Այս բոլոր նպատակները փոխկապակցված են: Իսկ մեր անելիքը պետք է լինի հատկապես միջազգային ճնշման միջոցով նրանց համար շրջափակման գնի կտրուկ բարձրացումը և, եթե իրոք իրենց մոտ կա քաղաքական կամքը, փակուղուց դուրս գալու հնարավորության ընձեռնումը:

- Կա՞ որեւէ տարբերակ Ադրբեջանի հետ համաձայնության գալու, ինչ զիջումների է պատրաստ Արցախը եւ որն է այն կարմիր գիծը, որը Արցախը (Արցախի ոչ մի իշխանություն եւ անհատ) չի անցնի ոչ մի պարագայում։ Ձեր կարծիքով, որ դիրքորոշումն ինչքան համախոհ ունի Արցախում։

-Նախագահ Հարությունյանը փետրվարի 23-ի իր ուղերձում հանգամանալից անդրադարձել է մեր կարմիր գծերին, որոնք առնչվում են մեր ինքնիշխանությանը, Հայաստանի հետ ազատ ու անխափան ցամաքային հաղորդակցությանը և մի շարք այլ կետերի: Այս ռազմավարական հարցերում Արցախում առկա է աներեր վճռականություն ու միասնականություն: Մնացածը մարտավարական հարցեր են, որոնց շուրջ կարող են լինել սկզբունքային բանավեճեր, և ես էլ ունեմ տարակարծություններ տարբեր մոտեցումների հետ կապված, բայց պետք չէ դրանք ներկայացնել առմակեդոնական լույսի ներքո՝ ամեն մեկն իր ուզած ձևով մանիպուլացնելով այդ թեման և լրացուցիչ լարվածություն հարուցելով մեր ժողովրդի մեջ: Հաշվի առնելով տարբեր արտաքին ու ներքին զարգացումներ՝ տպավորություն ունեմ, որ որոշակի հնարավորություն կա Ադրբեջանի հետ համաձայնության գալու և առկա խնդիրները լուծելու: Եթե շրջափակումը վերացվի, այդ դեպքում ամենակարևոր հարցն այն է, թե ինչպես պետք է երաշխավորվի նման հանցագործությունների չկրկնությունը, որը հաստատ անհնար է առանց պատշաճ միջազգային ներգրավվածության: Այս տեսանկյունից երկու առանցքային պաշտոնական փաստաթուղթ կա՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը, փաստորեն, բավարար չէր, և այժմ ավելացել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Ամեն դեպքում, ինչ բովանդակության ու ձևաչափի փաստաթղթեր էլ լինեն, ամենակարևորը գերտերությունների քաղաքական կամքի առկայության հարցն է, որը պետք է ապահովել շահերի համընկնության հիման վրա:

- Երբեմն լինում են ինչ-որ հրապարակումներ, որոնք Ձեզ կապում են սորոսական շրջանակների ու ՀՀ իշխանությունների հետ: Վերջիվերջո, ի՞նչ հիմքերով են նման մեղադրանքներ ներկայացնում Ձեզ:

- Ինձ որևէ արտաքին ուժի (այդ թվում՝ «սորոսական») հետ կապելը և նման պիտակներ կպցնելը կեղտոտ զրպարտություն ու ստորություն է: Դա նույնն է, որ ինձ մեղադրեն, թե ինչու եմ աշխարհի առաջատար համալսարաններում կրթություն ստանալուց հետո վերադարձել ու նվիրվել իմ հայրենիքի զարգացման ու զորացման սուրբ գործին, ես էլ իմ հերթին պետական ծառայությամբ շարունակել իմ հայրիկի, հազարավոր այլ զոհվածների ու մեր սուրբ նախնիների պայքարը:
Նման պիտակավորումները պարզապես անհիմն ու անբարոյական են: Ոմանք դրանք փորձում են հիմնավորել Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում ստացած կրթությամբ, այնինչ ես Լոնդոնի համալսարանական քոլեջում սովորել եմ ՀՀ կառավարության «Լույս» հիմնադրամի ու ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ, իսկ ԱՄՆ Ֆլեթչերի դիվանագիտության ու իրավունքի դպրոցում՝ հայկական «Թավիթյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Երկու ծրագրերով էլ աշխարհի լավագույն համալսարաններում կրթություն է ստացել շուրջ հազար հայ, որոնցից մի մասը տարբեր բարձր պաշտոններ են զբաղեցրել Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների օրոք: Իսկ Արցախից շատ քիչ մարդ է այդ ծրագրերով որակյալ կրթություն ստացել: Էլ չասեմ, որ ես բացառիկներից եմ, որ անմիջապես վերադարձել եմ հայրենիք ու անմնացորդ կերպով լծվել պետական ծառայության: Վա՞տ բան եմ արել, որ որակյալ կրթություն եմ ստացել, որն առ այսօր օգտագործում եմ իմ հայրենիքի ու ազգի օգտին՝ պահպանելով իմ ազգային գաղափարախոսությունն ու արժեհամակարգը: Մի կողմից ցանկանում ենք լավ մասնագետներ ունենալ, մյուս կողմից վիրավորում ենք լավ մասնագետներին ու գաղափարապես ծառայող մարդկանց, խնդրահարույց չէ՞: Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններին, ապա ես որևէ խնդիր չեմ տեսնում աշխատանքային հարաբերություններ պահպանելու մեջ. կա՞ որևէ պաշտոնյա Արցախում, ով ՀՀ իր գործընկերների հետ շփումներ չունի: Ի տարբերություն նման բամբասանքներ տարածողների՝ ես ազնիվ ու սկզբունքային եմ իմ հարաբերություններում բոլորի, ներառյալ՝ ՀՀ իշխանությունների և ընդդիմության տարբեր ներկայացուցիչների հետ: Ի դեպ, իմ այդ սկզբունքայնության դրսևորումներից մեկն էլ, օրինակ, 2019 թվականին հայտնի ընդդիմադիր գործիչ և իմ ընկեր Արսեն Բաբայանի համար երաշխավորություն տալն էր՝ նրան կալանքից ազատելու համար, որը լայնորեն ընկալվեց որպես ՀՀ իշխանությունների դեմ քայլ: Ուստի, ես ո՛չ իշխանության մարդն եմ, ո՛չ էլ ընդդիմության, ես պարզապես իմ ժողովրդի ու հայրենիքի մարդն եմ և առաջնորդվում եմ բացառապես իմ խղճով, սկզբունքներով, արժեքներով ու ԱՀ օրենսդրությամբ, իսկ իմ սկզբունքների ու արժեքների վրա կասկածողը թող ավելի սկզբունքային ու արժեքահեն կյանք վարի, հետո փորձի հանիրավի կերպով բարի համբավս սևացնել խավարամիտ բամբասանքներով:  Ահա այդպիսի անհիմն ու անիմաստ բամբասանքները իրենց կարևոր տեղն ունեն մեր հասարակության պառակտվածության ու փոխադարձ անվստահության մթնոլորտի ձևավորման գործում: Այդ մարդիկ մի կողմից դժգոհում են պառակտվածությունից ու կուրծք են ծեծում միասնականության համար, իսկ մյուս կողմից ջուր են լցնում պառակտվածության ջրաղացին: 



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search