Ստեփանակերտում վերսկսվել է ազգագրական երգ ու պարի «Տնջրե» համույթի գործունեությունը, որին զուգահեռ նաև պարերի ուսուցումը:
Ստեփանակերտում վերսկսվել են ազգագրական պարերի ուսուցման դասընթացները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Տնջրե» համույթի պարուսույց Մարիամ Անդրեասյանը պատմելով, որ «Տնջրե»-ն իր գործունեությունը սկսել էր 2013 թվականից, երբ Երևանից Սարգիս Պարսամյանը եկավ Արցախ՝ պարեր սովորեցնելու, դրանք հանրայնացնելու նպատակով։
«Համույթի ունեցած ձեռքբերումներից էր մասնակցությունը ունենալով՝ «Գութան 2019» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնին։
Հեպատերազմյան շրջանում «Տնջրե»-ն որոշ ժամանակով դադարեցրել էր իր գործունեությունը։ Այժմ վերսկսել ենք»,- ներկայացրել է պարուսույցը։
Նրա խոսքով` տարիների ընթացքում նաեւ որոշ խնդիրների են բախվել, հատկապես տղաներին ազգագրական պարերում ընդգրկելու առումով։
Պատերազմից հետո խնդիրը լուծվել է եւ արդեն 2023 թվականի հունվարին կազմակերպված հերթական բաց դասից հետո խումբը վերսկսել է իր գործունեությունը։
Մեր զրուցակիցը նշեց, որ ներկայում ազգագրական երգ ու պարի համույթի նպատակը նորեկների ուսուցումն է։ Այնուհետև նախատեսում են մասնակցել մշակութային միջոցառումների և ազգային պարերի հանրայնացմանը։
Համույթի անդամ կարող են դառնալ բոլոր ցանկացողները, իսկ դասընթացներն անվճար են։