Սոցիալական ցանցերում տարածվող այն խոսույթը, թե իբր այսօրվանից կբացվի Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանում իրականությանը։
Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բաց լինելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում. ՆԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 1 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին իր տարածած հաղորդագրության մեջ նշել է Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը` հավելելով, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից առ այսօր, Ադրբեջանը Շուշի քաղաքի մերձակայքում փակել է արտաքին աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհը։
Արդեն 111 օր է Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, դիմակայելով ճանապարհի փակ լինելու պատճառով առաջացած հումանիտար խնդիրներին։
Ստեփանակերտ-Բերդաձոր-Կոռնիձոր-Գորիս ճանապարհով այս պահին հնարավոր է միայն իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները` ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:
«Երթևեկությունը դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ անկանխատեսելի վտանգավոր է, քանի դեռ Շուշիի հատվածում են ադրբեջանցի պսևդո-բնապահպաններն ու զինվորականները։
Հորդորում ենք, չտրվել կեղծ տեղեկություններին և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ընդգծել են ՆԳ նախարարությունից։