Գեղարքունիքի մարզից Հայրենական մեծ պատերազմում զոհված 17 զինվորների հարազատները ՌԴ Սեւաստոպոլ քաղաքի իշխանությունների կողմից ստացել են հրավեր՝ մասնակցելու Մեծ հաղթանակի տոնակատարություններին:
Մեծ Հայրենականում զոհված գեղարքունիքցի 17 զինվորների հարազատները հրավիրվել են Մեծ հաղթանակի սեւաստոպոլյան հանդիսություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը, հրավիրվել են Գեղարքունիքի մարզի տարածքից Հայրենական մեծ պատերազմին մասնակցած այն հայ զինվորների հարազատները, ովքեր Թամանյան հայկական դիվիզիայի կազմում մարտնչել են Սեւաստոպոլի պաշտպանության համար եւ թաղված են Սեւաստոպոլ քաղաքի Բալակլավսկի շրջանի (նախկին Բալակլավա քաղաք)եղբայրական գերեզմանոցում: Զոհվածների հարազատները Մեծ հաղթանակի միջոցառումներին մասնակցելու համար Սեւաստոպոլ կմեկնեն ռուսական կողմի ծախսերով: Մեկնումը նախատեսված է մայիսի 5-ին, Երեւանից, երթուղային ավտոբուսով: