Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 3-ի առավոտյան ժամը 8.00-ին մեկնարկել են 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները:
Արցախում ընթանում են 6-րդ գումարման խորհրդարանի կազմի ընտրություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Առավոտյան, ըստ սահմանված կարգի, բացվել են բոլոր 279 տեղամասային ընտրական հանձնաժողովները: Տեղամասերից մեկը գտնվում է Երևանում, ևս մեկը՝ քրեակատարողական հիմնարկում: Ընտրության իրավունք ունեցող 101, 653 քաղաքացիները մինչև երեկոյան ժամը 20:00-ն կարող են կատարել իրենց քաղաքացիական պարտքը: ԼՂՀ ընտրություններին հետևելու համար Ստեփանակերտ են ժամանել ավելի քան 100 միջազգային դիտորդներ:
6-րդ գումարման ԼՂՀ ԱԺ ընտրություններն անցկացվում են ԼՂՀ Սահմանադրության և այս տարվա հունվարի 1-ից գործողության մեջ մտած ԼՂՀ նոր ընտրական օրենսգրքի հիման վրա:
Այս ընտրություններին մասնակցում են մեծամասնական ընտրակարգով գրանցված 42 և համամասնական ընտրակարգով 7 կուսակցությունների 164 թեկնածուներ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում մանդատի համար կպայքարեն «Ազատ հայրենիք» «Ազգային վերածնունդ», «Արցախի ժողովրդավարական», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Խաղաղություն եւ զարգացում», «Շարժում-88» և «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական» կուսակցությունները: