Լրացավ «Արցախպրես» լրատվական գործակալության գործունեության մեկ տարին:
«Արցախպրես» և «Արմենպրես» լրատվական գործակալությունների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այսօր Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի կոնֆերանս –դահլիճում «Արմենպրես» և «Արցախպրես» լրատվական գործակալությունների միջև պաշտոնապես ստորագրվել է համագործակցության հուշագիր: Ողջունելով ներկաներին՝ «Արցախպրես»-ի տնօրեն Վահրամ Պողոսյանը հակիրճ ներկայացրել է լրատվական գործակալության մեկ տարվա կատարած աշխատանքը՝ խոսելով նաև առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին։ Նա շնորհակալություն է հայտնել «Արմենպրես»-ի տնօրեն Ա. Անանյանին՝ աջակցության ու համագործակցության համար։
«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի խոսքով, գործունեության համար սահմանելով բարձր նշաձող, «Արցախպրեսը» կարողացել է հստակ քայլերով առաջ ընթանալ։ Արցախի առաջին լրատվական գործակալության կարևոր առանձնահատկություններից մեկն էլ օբյեկտիվ լրատվության ապահովումն է, ինչի շնորհիվ գործակալության լրահոսը ընթերցվում է. այն տարաբնույթ քննարկումների առարկա է ոչ միայն Արցախում ու Երևանում, այլև արտասահմանում։
Անդրադառնալով ստորագրված հուշագրին՝ Ա. Անանյանը նշել է, որ դրա շնորհիվ ավելի է սերտանալու և ընդլայնվելու երկու գործակալությունների միջև եղած կապը լրատվության, փորձի փոխանակման. մեթոդական աջակցության և այլ ուղղություններով։
Ներկաները, շնորհավորելով համագործակցության հուշագրի ստորագրման և «Արցախպրես»-ի մեկամյա գործունեության առիթներով, համոզմունք հայտնեցին, որ Արցախի առաջին լրատվական գործակալությունը առաջիկայում ևս կշարունակի հաստատուն քայլերով առաջ ընթանալ։