Հայաստանի ազգային արխիվում 1918 թվականի դեպքերին առնչվող փաստաթղթեր կան, որոնք միայն 100 տարին լրանալուն պես կհրապարակվեն:
Ազգային արխիվի զորավար Անդրանիկին և այլ գործիչներին առնչվող փաստաթղթերը կբացվեն 2018-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՄԱՅԻՍԻ 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ասել է.- «Մեր արխիվում շատ փաստաթղթեր կան, որոնք 2018 թվականին կհրապարակվեն, օրինակ՝ զորավար Անդրանիկի, Քաջազնունու, Խատիսյանի հետ կապված» :
Նա ընդգծել է, որ ազգային արխիվում պահպանվել են նաև Հայոց ազգային խորհրդի արձանագրությունները: Ամատունի Վիրաբյանը տեղեկացրեց, որ Թբիլիսիում այդ տարիներին առնչվող ավելի շատ արխիվային փաստաթուղթ կա, քան մեր երկրում, բայց այդ արխիվները փակ են:
Վիրաբյանն անդրադարձավ 1918թ. մայիսյան հերոսամարտերին: «Մայիսյան հերոսամարտերի ժամանակ հայ ժողովրդի առջև ծառացել էր լինել-չլինելու հարցը: Հենց այդ օրերին հայ ժողովուրդը միասնականություն ցուցաբերեց: Հայկական զորքերը վերախմբավորվեցին և անցան հարձակման: Նրանք ցույց տվեցին, որ կարող են կռվել: Այս ճակատամարտերի շնորհիվ Հայաստանը դարձավ պետություն, կնքեց իր առաջին պայմանագիրը: Առաջին անգամ Հայաստանի Հանրապետություն հռչակվեց»,- նշել է Ամատունի Վիրաբյանը:
Հայաստանի ազգային արխիվի տնօրենը վստահ է՝ 1918-ի մայիսը զարմանահրաշ էր: «Հայ ժողովուրդը հասկացել էր, որ եթե այդ ճակատամարտում չպայքարի, անիմաստ կինի իր գոյությունը: Դժվար ժամանակներ էին, հայկական առաջին պետությունը 2,5 տարի գոյություն ունեցավ, սակայն հայ-թուրքական հաջորդ ճակատամարտում հայկական զորքերը նման դիմադրություն ցույց չտվեցին»,- հավելել է նա: