Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում վերակառուցման աշխատանքներ են ընթանում։
Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտը վերակառուցվում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ֆուտբոլային ակումբ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վալերի Ավանեսյանը հայտնեց, որ վերակառուցման արդյունքում նախատեսվում է հանրապետական մարզադաշտի պայմանները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին։ Նրա խոսքով Ներկայումս քանդվող բնական խոտածածկույթը կփոխարինվի արհեստականով։ Բացի այդ կընդլայնվեն մարզադաշտի չափերը. ներկայիս 105 մետր երկարության և 67 մետր լայնությունը կհասցվի համապատասխանաբար 110 և 70 մետրերի։
Վ. Ավանեսյանի տեղեկատվությամբ, վերակառուցման աշխատանքների ակտիվ ընթացքի շրջանում մարզադաշտում նախատեսված ֆուտբոլային առաջնությունները կանցկացվեն Ասկերանի մարզադաշտում։ «Ֆուտբոլային ակումբ» ՀԿ տնօրենը նշեց նաև, որ օգոստոսի 2-ից 13-ը Երևանում եւ Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունենալիք Համահայկական խաղերի ֆուտբոլային մարզաձևը կանցկացվի Արցախում։
Շինարարական աշխատանքներն համապատասխան ժամկետում ավարտելու դեպքում այդ ֆուտբոլային խաղերը կանցկացվեն Հանրապետական մարզադաշտում, իսկ եթե չհասցնեն, ապա կրկին Ասկերանում։